ՀՊՏՀ զինվոր-ուսանողը պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ» մեդալով
Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ավետումով սկսեց իր աշխատանքային օրը: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձել է իրենց ֆակուլտետի ուսանող, քառօրյա պատերազմի մասնակից Խաչիկ Մաթևոսյանը:
Քիչ անց մենք արդեն զրուցում էինք մի անմիջական ու համեստ երիտասարդի հետ, ով իր ծաղիկ հասակում հասցրել է դրսևորվել որպես հայրենյաց պաշտպան ու անվեհեր հայորդի՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվելով ՀՀ զինված ուժերի «Զորավար Անդրանիկ» մեդալով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորելու համար, զորամասի հրամանատարի պատվոգրով և ծնողներին ուղղված շնորհակալագրով՝ «Հրամանատարը ծնող է, ծնողը՝ հրամանատար» վերտառությամբ: Շնորհակալագրում մասնավորապես ասված է. «Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր ու նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր ու պատվախնդիր, վճռական ու արիակամ, զինվորական ավագերեցության սկզբունքներն ու պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի՝ Հայրենյաց պաշտպան դաստիարակելու համար»:
Խաչիկը Արարատի մարզի Վեդի քաղաքից է, հայոց բանակ է զորակոչվել է 2014 թվականի հուլիսի 3-ին՝ համալսարանում առաջին ուսումնական տարին ավարտելուց հետո, ծառայությունն անցել Արցախի զինված ուժերում՝ որպես հրետանավոր: «96 օր էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը: Ծանր ու մղձավանջային օրեր էին, կարծես՝ երազ լիներ: Հայրենիքի սերը, նրա սահմաններն անառիկ պահելու պատասխանատվությունը իմ հասակակից տասնյակ տղաների դարձրեց իրական հերոսներ, որոնք ընկան ու իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին: Մեր զորամասում զոհեր չեն եղել: Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ հայ զինվորը այդ ծանր օրերին իսկապես մարտական մեծ փորձառություն անցավ՝ դրսևորելով անխորտակ կամք ու արիություն: Մենք իսկապես հզոր ու մարտունակ բանակ ունենք»,-ասում է Խաչիկը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին