Բաց դաս՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1581

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի և «Marketers Community» հիմնադրամի համագործակցության շրջանակներում այսօր մեր համալսարանում տեղի ունեցավ «Տարբերվի՛ր քո CV-ով և մոտիվացիոն նամակով» խորագրով բաց դաս: Մասնակցում էին ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի առաջատար մասնագետ Գրիշա Ամիրխանյանը, «Marketers Community» հիմնադրամի հիմնադիր Ծովինար Սարգսյանը, ուսանողներ: Բանախոսն էր Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Պարույր Ջանգուլյանը:

Բանախոսն իր ելույթը սկսեց սեփական փորձի ներկայացմամբ, որը հանգեցրել է մի եզրակացության. կարևոր է, որ յուրաքանչյուրը 2-3 տարին մեկ անգամ նոր աշխատանքի համար հարցազրույց անցնի, ինչը թույլ կտա գնահատել սեփական մասնագիտական աճը և բնականաբար պատրաստել CV, որը, հայտնվելով գործատուի ուշադրության կենտրոնում, կարճ ժամանակահատվածում պատկերացում կտա տվյալ անհատի ներուժի և գործունեության արդյունքի վերաբերյալ:

«Ամեն տարի առիթ եմ ունենում աշխատելու կրթության, մասնագիտական գործունեության համար ձևավորված ընդունող հանձնաժողովներում և նկատում եմ, որ գերակշռող մասը CV-ներ վատ է պատրաստում: Դրանք աշխատանքային գրքույկների պատճենում են, մինչդեռ հարիր չէ գործատուին մոտենալ նման CV-ով»,-ասաց Պարույր Ջանգուլյանը և հատկանշեց այն կարևոր հիմնադրույթները, որոնք, ըստ հաջորդականության, կարող են օգտակար լինել անհատի կենսագրությունը CV-ով գրավիչ ներկայացնելու գործում. արդյունք՝ գործընթացի փոխարեն, հստակ հաջորդականություն՝ վերջից սկիզբ, որտեղ կարևոր չէ հանրակրթական փուլը, մասնագիտական աճ և ինքնազարգացում, միայն կարևոր կետեր, ուղեկցող նամակ, կոկիկություն, գրագիտություն և այլն:

Մասնագետն անդրադարձավ ինքնակենսագրականի պատրաստման ձևաչափին, հարցազրույցների ընթացքում գործատուի հետ փոխշփմանն ու պատշաճ վարքականոնին, պատասխանեց ունկնդիրների հարցերին և գործնական խորհուրդներ տվեց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին