ՀՊՏՀ ֆուտզալի թիմը չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին

Դիտումների քանակ՝ 1533

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականը, որը Հայաստանի ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության կրկնակի չեմպիոն է դարձել, այսօր, ավանդույթի համաձայն, չեմպիոնական գավաթն ու պատվոգիրը հանձնեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը արդեն երկրորդ տարին անընդմեջ նվաճում է Ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Իր աշխատասենյակում ընդունելով հավաքականի անդամներին՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը համալսարանի կոլեկտիվի և ուսանողության անունից ևս մեկ անգամ շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց թիմին՝ շարունակական հաջողություններ արձանագրելու և բուհի հեղինակությունը բարձր պահելու համար:

«Ձեր հաջողություններն ուրախացնում են մեզ և ուզում եմ շեշտել, որ նաև ձեր շնորհիվ է, որ այս տարի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:

Սա հնարավորություն կտա, որ մի քանի օր շարունակ Հայաստանի անունը, մեր համալսարանի անունը հնչի նաև միջազգային հարթակներում»,- նշեց ռեկտորը: Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ ավանդաբար հայկական սպորտում թիմային հաջողությունները համեմատաբար քիչ են լինում, առավել գերակշռում են անհատական հաղթանակները, սակայն ուրախալի է, որ նաև մեր ֆուտզալի հավաքականի օրինակով այդ վատ կարծրատիպը կկոտրվի: Համալսարանի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց թիմի անդամներին, գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանին, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանին և ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին:

Պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը թիմի անունից շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ առանց համալսարանի ռեկտորի բարձր աջակցության թիմը չէր կարողանա հաջողություններ արձանագրել: Պրոռեկտորը նաև հիշեցրեց, որ հավաքականը վաղը մեկնում է Զագրեբ՝ մասնակցելու Եվրոպական ուսանողական խաղերի շրջանակներում անցկացվող ֆուտզալի առաջնությանը, ու թեև այս խաղերին մեր թիմն առաջին անգամը չէ, որ մասնակցում է, սակայն, Սևակ Խաչատրյանի խոսքով, ակնկալիքներն այս անգամ մեծ են:

Հովհաննես Գաբրիելյանը ևս շնորհակալություն հայտնեց աջակցության համար, շեշտեց, որ 3 տարվա ընթացքում հավաքականը դարձել է մեծ ու լավ կոլեկտիվ, և այս տարվա առաջնությունում էլ չեմպիոնական տիտղոսի նվաճումը վկայում է, որ թիմը ֆավորիտ է: Ամբիոնի վարիչը նաև նշեց, որ թիմը լավ է նախապատրաստվել սպասվող խաղերին՝ մարզվել է լավագույն դահլիճներում, ներգրավվել է բժշկական անձնակազմ: Իր հերթին թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը խոստացավ, որ թիմն ամեն ինչ կանի՝ սպասվող խաղերում հաջողության հասնելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին