Ամփոփիչ սեմինարում՝ նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. ամփոփվեցին ԳՈւԽ հաշվետվությունները

Դիտումների քանակ՝ 1565

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր «Բարձրագույն կրթության կառավարում» գիտաուսումնական խմբի (ԳՈւԽ) ամփոփիչ հաշվետվությունն էր, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ով նաև նշված խմբի ղեկավարն է, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի  տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, գիտության բաժնի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, գիտաուսումնական խմբերի  անդամներ:

Այսօր, բացի գիտաուսումնական խմբի աշխատանքի արդյունքի ներկայացումից, քննարկվեց նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ներկայացնելով սեմինարում ընդգրկված 2 հարցը:  ««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը մինչև տարվա վերջ պետք է ներկայացվի Ազգային ժողով: Տարբեր ձևաչափերով քննարկվում է նախագիծը: Աղվերանում եղել է քննարկում, մեր բուհից մասնակցել են ներկայացուցիչներ: Այժմ կքննարկվի նաև մեր բուհում»,- անդրադառնալով օրենքի նախագծին՝ ասաց ռեկտորը:

Զեկուցմամբ հանդես եկավ «Բարձրագույն կրթության կառավարում» գիտաուսումնական խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը: Բանախոսը սկզբում ներկայացրեց օրենքի նախագծի որոշ հոդվածներ, որի շուրջ ծավալվեց քննարկում, ներկայացվեցին առաջարկություններ:

Հիշեցնենք, որ օրերս ՀՊՏՀ աշխատակիցները, այդ թվում և Մերի Բադալյանը, Աղվերանում մասնակցել էին  օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման: ՀՊՏՀ-ն օրենքի նախագծի վերաբերյալ պետք է մշակի առաջարկությունների փաթեթ և ներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը (այսօրվա հանդիպումն ուղղված էր այդ առաջարկությունների մշակմանը, բանախոսը շեշտեց, որ առաջարկություններ են ստացվել համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից, անհատ դասախոսներից, մոտեցումներ ունի նաև իրենց գիտաուսումնական խումբը): Մասնավորապես, Մերի Բադալյանը ներկայացրեց նախագծի որոշ հոդվածների՝ քննարկման ենթակա  առանձին կետեր, մասնակիցները՝ Կորյուն Աթոյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

Մեր բուհի կողմից մշակված առաջարկություններն, ըստ նախատեսվածի, կներկայացվեն ԿԳ նախարարությանը:

Հանդիպման 2-րդ հատվածում  Մերի Բադալյանը հանդես եկավ «Բարձրագույն կրթության կառավարում» խմբի ամփոփ հաշվետվությամբ՝ շեշտելով, որ այս փուլը նվիրված է ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի մշակմանը: Խումբը մանրամասն աշխատել և ներկայացրել է ՀՊՏՀ աշխատակազմի կառավարման նորմատիվաիրավական փաստաթղթերի փաթեթի նախագիծ: Այն ներառում է պաշտոնների տեղակալման և հաստիքների հատկացման, այլ կերպ ասած՝ անձնակազմի ձևավորման սկզբունքային բոլոր մոտեցումները, անհրաժեշտ  փաստաթղթերն ու կարգերը:

Այսպիսով, եզրափակվեցին ՀՊՏՀ 2015-2016 թթ. գիտաուսումնական խմբերի հաշվետվությունները: Հիշեցնենք, որ եզրափակվող ուսումնական տարում 4 գիտաուսումնական խմբեր՝ «Բարձրագույն կրթության կառավարում», «Ագրոապահովագրություն», «Գլոբալացումը և զարգացող երկրների մարտահրավերները», «Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում», 3 փուլով հանդես են եկել համապատասխան հաշվետվություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին