Ագրոապահովագրության համակարգը Հայաստանում պետք է ներդրվի աստիճանաբար
2015-2016 թթ. ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի հաշվետվությունների շարքում այսօր հետազոտության վերջնարդյունքը, «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, ներկայացրեց «Ագրոապահովագրություն» գիտաուսումնական խումբը, որի գիտական ղեկավարն է «Ամբերդ» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, անդամներն են տ.գ.դ., ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանը (հրավիրված փորձագետ), տ.գ.թ., դոցենտ Արման Դաղունցը, տ.գ.թ., ասիստենտ Արմեն Վարդանյանը, ասպիրանտ Մերի Մակունցը, մագիստրանտ Լևոն Քոչարյանը:
Ներկա էին ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները, դասախոսներ, ասպիրանտներ:
Ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ խմբի ղեկավար Սամվել Ավետիսյանը՝ համախմբված ու հստակ ներկայացնելով վերջնարդյունքը. գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության գիտական հիմքերը, գյուղատնտեսութան ոլորտում ապահովագրական սակագների հաշվարկման առաջարկվող մեթոդաբանական մոտեցումները և դրանց հիման վրա կատարված հաշվարկները, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգային դրույթները և ՀՀ գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը:
Մասնավորեցնելով՝ պրոֆեսորը նշեց, որ ամենաարժեքավորը սակագների հաշվարկման մեթոդիկան է, որը մինչ այդ չի կատարվել, ապա ներկայացրեց արդյունքները: Այնուհետև 2005-2013 թթ. միջակայքում ներկայացրեց ռիսկերի՝ երաշտ, կարկտահարություն, ցրտահարություն, հեղեղումներ սանդղակը, ըստ մարզերի առանձնացրեց հաճախադեպ աղետները:
«Ապահովագրության համակարգը Հայաստանում պետք է ներդրվի աստիճանաբար՝ 10 տարվա ընթացքում ապահովագրելով մշակաբույսերի տարածքի 50 տոկոսը»,-նշեց Սամվել Ավետիսյանը՝ համակարգի արդյունավետ ներդրման համար կարևորելով պետական աջակցությունը:
Ելույթի ավարտին խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հետազոտության մասնակիցներին՝ բարեխիղճ, հետևողական ու գրագետ աշխատանքի համար:
«Ագրոապահովագրություն» գիտաուսումնական խմբին շնորհակալություն հայտնելով արգասաբեր աշխատանքի ու հետաքրքիր հաշվետվության համար՝ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանն առաջարկեց ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակման համար առաջիկայում պատրաստել էլեկտրոնային տարբերակը, իսկ աշնանը՝ նաև թղթայինը՝ հրատարակության համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին