Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նախագահությամբ: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը զեկուցեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը» հաստատելու և գիտխորհրդի 2015թ. նոյեմբերի 10-ի նիստում հաստատված նույնանուն կանոնակարգը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Պրոռեկտորը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, իսկ ռեկտոր Կորյուն Աթոյանը պարզաբանեց, որ նպատակը առավել շատ ուսանողների զեղչման համակարգում ընդգրկելն է: Գիտխորհուրդը հաստատեց նոր կանոնակարգը, որն ամբողջությամբ համալսարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի առաջիկա օրերին:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը ներկայացրեց ամբիոնների դոցենտների թափուր պաշտոննների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացված թեկնածուներին:
Բոլոր 16 թեկնածությունները դրվեցին փակ, գաղտնի քվեարկության և հաստատվեցին: Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց դոցենտի պաշտոններում ընտրված աշխատակիցներին և մաղթեց արգասաբեր գործունեություն:
Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը զեկուցեց մասնաճյուղում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման մասին՝ շեշտադրելով, որ մասնաճյուղում իրականացվել են ուսումնական, կրթական, գիտական, կազմակերպական, մեթոդական, կրթության որակի ապահովման, միջազգայնացման ու հանրային բնույթի աշխատանքներ, որոնք ուղղված են եղել մասնաճյուղի կանոնավոր գործունեությանը և նպաստել են ուսումնագիտական համակարգի զարգացմանը: «2015-2016 ուսումնական տարվա ընթացքում մասնաճյուղի գործունեության մեջ կարևոր դեր են ունեցել միջազգայնացման և հետազոտությունների ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց շրջանակներում ստեղծվել է Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն»,- մասնավորապես ընդգծեց Սոս Խաչիկյանը: Նա շեշտադրեց, որ մասնաճյուղի գործունեության լուսաբանմանը նպաստել են մայր բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքները, իսկ ուսանողական խորհրդի հետ իրականացված աշխատանքները նպաստել են ուսանողների ակտիվ գործունեությանն ու ընդգրկմանը տարատեսակ միջոցառումներում: Գիտխորհուրդը հաշվետվությունն ընդունեց ի գիտություն և կատարված աշխատանքը գնահատեց բավարար:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց մի քանի հարց: Մասնավորապես լսելով և քննարկելով «Բակալավրական և մագիստրոսական կրթական ծրարերով առկա և հեռակա ուսուցման առաջին կուրսի ընդունելության խմբերի նվազագույն չափի սահմանման մասին» հարցը՝ գիտական խորհուրդը որոշեց 2016-2017 ուստարվանից սկսած` կրթական ծրագրերի (բակալավրիատ և մագիստրատուրա) առաջին կուրսի ընդունելության խմբերի նվազագույն չափը սահմանել՝ առկա և հեռակա ուսուցման բակալավրիատ` 25 ուսանող, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրա` 15 ուսանող:
«Հեռակա ուսուցման բակալավրիատում և մագիստրատուրայում ստուգարքների ու քննությունների անցկացման ձևաչափերի մասին» հարցի առնչությամբ խորհուրդը որոշեց հեռակա ուսուցման բակալավրիատում և մագիստրատուրայում ստուգարքներն ու քննություններն անցկացնել առկա ուսուցման համակարգում կիրառվող ձևաչափերով (համակարգչայինի փոխարեն` լսարանային թեստային ստուգում), իսկ «Հեռակա ուսուցման համակարգում քննական դասընթացներից ստուգողական աշխատանքների պարտադիր կատարման մասին» հարցով որոշվեց 2016-2017 ուսումնական տարվանից վերականգնել հեռակա ուսուցման համակարգում քննական դասընթացներից ստուգողական աշխատանքների պարտադիր կատարումը (ուսանողը քննության չի թույլատրվում ստուգողական աշխատանքի բացասական գնահատականի դեպքում): Յուրաքանչյուր ստուգողական աշխատանքի ղեկավարման և ստուգման համար տրվում է 0,25 ժամ:«Կրթական ծրագրերի ավարտուն նախագծերը արտաքին փորձաքննության ներկայացնելու մասին» հարցի առնչությամբ որոշվեց ամբիոնների վարիչներին հանձնարարել մինչև 2016 թ. սեպտեմբերի 30-ը բակալավրական բոլոր կրթական ծրագրերի նախագծերը ներկայացնել ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժին` արտաքին փորձաքննության նպատակով:
Գիտական խորհուրդը հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, հրատարակության երաշխավորեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Թաթուլ Մկրտչյանի «Տնտեսական անվտանգության ժամանակակից խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Չալաբյանի, ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Հարությունյանի և ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Արմինե Գրիգորյանի «Economics», ինչպես նաև փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Լեռնիկ Մկրտումյանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկները:
Քննարկվեցին և հաստատվեցին ընթացիկ այլ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին