ՀՊՏՀ ուսանողը՝ «Ամենախելացին» նախագծի հաղթող
«Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի 3-րդ եթերաշրջանի հաղթողը ՀՊՏՀ ուսանող Տիգրան Պետրոսյանն է: Նա սովորում է մեր համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսում՝ բանկային գործ մասնագիտությամբ: Մեր ուսանողը, որպես հաղթող, ստացել է դեպի Լոնդոն երկշաբաթյա ամառային դպրոցի ուղեգիր, մեկ միլիոն ՀՀ դրամ մրցանակ և էլեկտրոնային գիրք:
Տիգրանը 16 միավորով դուրս է եկել խաղի եզրափակիչ փուլ և հաղթանակ գրանցել 11 միավորով: Հիշեցնենք, որ Տիգրանը դարձել էր նաև խաղի 4-րդ կիսաեզրափակչի հաղթող:
Ինչպես տեղեկացնում է «Ամենախելացին» նախագծի հեռարձակող «Արմենիա» հեռուստաընկերության պաշտոնական կայքը, խաղի 3-րդ եթերաշրջանը միավորել էր Հայաստանի և Արցախի բուհերի բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին: 96 մասնակիցներ երեք ամիս պայքարում էին ամենախելացիի կոչմանն արժանանալու համար: Եզրափակիչ էին հասել 12-ը:
«Ամենախելացին» ինտելեկտուալ խաղին հայ ուսանողները մասնակցում էին «Արմենիա» հեռուստաընկերության, ՀՀ կրթության ու գիտության նախարարության, «Գազպրոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների շնորհիվ: Խաղը կարող եք դիտել հետևյալ հղումով՝:
Շնորհավորում ենք մեր ուսանողին, մաղթում նորանոր հաղթանակներ:
Հ.Գ. Լուսանկարները՝ «Ամենախելացին» նախագծի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին