«Ինգո Արմենիան» հավաստագրեր հանձնեց ՀՊՏՀ ուսանողներին. ընդլայնվող համագործակցություն
Մեր համալսարանի ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի բարձր առաջադիմություն ունեցող 20 ուսանող անցնող կիսամյակում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում մասնակցել է վարպետության եռամսյա դասերի: Այսօր հանդիսավոր կերպով տեղի ունեցավ դասընթացներն ավարտած ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը, «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը, նույն ընկերության կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Լիլիթ Շմավոնյանը:
Ուսանողներին շնորհավորեց տնօրեն Լևոն Ալթունյանը` նշելով, որ իրենց ընկերությունը նոր կադրերով համալրելու պարագայում առաջինը նկատի են ունենալու հենց ՀՊՏՀ ուսանողներին:
Աննա Ասլանյանը շնորհակալական խոսք ասաց «Ինգո Արմենիայի» ղեկավարին՝ ընդգծելով, որ համագործակցությունն արդյունավետ է և ընդլայնվող: Ամբիոնի ղեկավարը նշեց՝ ուրախալի է, որ գործատուն ևս շահագրգռված է լավ մասնագետներ պատրաստելու գործում և անմիջականորեն մասնակցում է ուսումնական գործընթացի կազմակերպմանը:
Լիլիթ Շմավոնյանը տեղեկացրեց, որ վարպետության դասընթացներին մասնակցած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի և ընտրված ուսանողները հնարավորություն կստանան ամռանը «Ինգո Արմենիայում» փորձառություն անցնելու, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն է ընձեռում մշտական աշխատանքի անցնելու ապահովագրական ընկերությունում: Ընկերության աշխատակցի խոսքով՝ անցած տարի նման եղանակով աշխատանքի է անցել ՀՊՏՀ 8 ուսանող:
Մեզ հետ զրույցում ուսանողուհի Մերի Հարությունյանը վստահորեն ասաց, որ դասընթացներին մասնակցությունը լրացրել է իրենց գործնական գիտելիքները և սա, առաջին հերթին, օգնելու է ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելուն, իսկ հետագայում՝ մասնագիտական ոլորտում աշխատանքի անցնելուն:
Նշենք, որ արդեն 2-րդ տարին է՝ ՀՊՏՀ ուսանողների համար կազմակերպվում են վարպետության դասեր, որոնք վարում են «Ինգո Արմենիայի» կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Սույն ծրագիրն իրականացվում է մեր համալսարանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության համագործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 13-ին կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին