Ավարտական աշխատանքների պաշտպանություններ՝ հեռակա բակալավրիատում
Ավարտին է մոտենում 2015-2016 ուսումնական տարին: Այս օրերին բուհում մթնոլորտը քննական է. առկա բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողները ամփոփիչ քննություններ են հանձնում, իսկ հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի ավարտական՝ 5-րդ կուրսերի ուսանողները պաշտպանում են դիպլոմային աշխատանքներ (առկայում դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտվել են մայիսի վերջին):
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր շրջել է ֆակուլտետներով, արձանագրել ավարտական աշխատանքների պաշտպանություններից ակնթարթներ: Զրուցել ենք հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանի և ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի հետ, ովքեր ներկայացրել են իրենց տպավորությունները:
Դեկան Աշոտ Մաթևոսյանը նշեց, որ այսօր հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի) մասնագիտությամբ պաշտպանել է 11 ուսանող, որից 2-ն արժանացել է գերազանց գնահատականի: Դեկանն ընդգծեց մի առանձնահատկություն. հեռակա ուսուցման համակարգում ուսանողների մեծ մասն աշխատում է մասնագիտությամբ (մասնավորապես, իր ֆակուլտետում), ինչի շնորհիվ նրանք լավ են պատկերացնում ոլորտը և կատարում են մասնագիտական խորը վերլուծություններ:
«Այսինքն, նրանց գիտելիքը զուտ տեսական չէ, նրանք գործնականորեն պատկերացնում են այն, ինչ ասում են, ի տարբերություն առկա համակարգում սովորողների, որոնք հիմնականում չեն աշխատում: Եղան աշխատանքներ, որոնք ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի ուշադրությանն արժանացան թեմայի համակողմանի ներկայացման և կիրառական առաջարկությունների համար: Այդ աշխատանքներն արժանացան գերազանց գնահատականի: Ընդհանուր առմամբ, հանձնաժողովը գոհ է»,-ասաց դեկանը և հպարտորեն հավելեց, որ հաշվապահի պահանջարկը մեծ է, ուսանողների զգալի մասն աշխատում են առաջատար կազմակերպություններում:
Ֆինանսական ֆակուլտետում այսօր աշխատանքներ են պաշտպանում բանկային գործ մասնագիտության ուսանողները: Դեկան Վահե Միքայելյանը ընդգրկված չէ նշված մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովում, սակայն հետևել է պաշտպանությունների ընթացքին, ինչպես ինքն է նշում, իր ներկայությամբ քաջալերել է ուսանողներին: Դեկանը ներկայացրեց իր անկեղծ տպավորությունը:
«Հաճելիորեն զարմացա, երբ նկատեցի, որ ամբիոնի մոտ կանգնած ուսանողի ձայնը ակնհայտորեն վստահ երանգ ստացավ, երբ ես մտա լսարան:
Ես զգացի, որ իմ ներկայությունը ոգևորում է ուսանողներին: Լսել եմ լավ ելույթներ, սակայն հեռակայի ավարտական աշխատանքների պաշտպանությունների մասին ընդհանրական կարծիք կարող ենք կազմել արդյունքների ամփոփումից հետո»,-նշեց Վահե Միքայելյանը:
Նշենք, որ հեռակա բակալավրիատում ավարտական աշխատանքների պաշտպանությունները կշարունակվեն ևս մեկ շաբաթ:
Ներկայացնում ենք լուսանկարներ՝ տարբեր ֆակուլտետներում այս օրերին ընթացող պաշտպանություններից:
Բոլորին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին