ՀՊՏՀ դասախոսը վերադարձել է Էստոնիայից. օգտակար ու հագեցած աշխատանքային այց

Դիտումների քանակ՝ 1889

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանի տեղակալ  Հարություն Թերզյանը  նոր է վերադարձել Էստոնիայից. «Էրասմուս+» փոխանակային ծրագրի շրջանակներում մայիսի 30-ից հունիսի 6-ը  մեր դասախոսը  հյուրընկալվել էր Տարտուի համալսարանում և հանդես եկել դասախոսություններով: էստոնական համալսարանի տնտեսագիտության և բիզնես վարչարարության դպրոցի ուսանողների միջազգային խմբի համար մայիսի 31-ից հունիսի 3-ը մեր պատվիրակը «էկոնոմետրիկա» առարկայից ներկայացրել է «Ժամանակային շարքեր. VAR մոդելներ (ավտոռեգրեսիոն մոդելների համակարգեր)» թեմայով դասախոսություն: Հարություն Թերզյանը նաև աջակցել է ուսանողների գործնական  սեմինարների անցկացմանը: Դասախոսը տպավորված է հատկապես համալսարանի ուսանողակենտրոն ուսուցմամբ:

«Ուսանողների խումբը բաղկացած էր տարբեր երկրների ներկայացուցիչներից և ուշագրավ էին նրանց հարցադրումները, դասի հանդեպ հետաքրքրվածությունը, վերլուծելու ունակությունը»,- նշեց ասիստենտը և հավելեց, որ Տարտուն համալսարանական քաղաք է՝ համալսարանի մասնաշենքերը գտնվում են քաղաքի տարբեր մասերում՝ առանձնահատուկ համալսարանական շունչ հաղորդելով նրան:

Ինչպես պատմում է Հարություն Թերզյանը՝ Տարտուի համալսարանի լսարաններից մեկում հիշատակություն կա հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի մասին: Համալսարանի այգում տեղակայված է նաև հայկական խաչքար (տես՝ վերջին  լուսանկարում):

«Անբացատրելի հպարտություն է օտար երկրի համալսարանում տեսնել ու զգալ հայկականի շունչը, ուրախալի է արձանագրել, որ օտարերկրացիները առանձնահատուկ պատկառանքով են խոսում հայերի մասին՝ իբրև աշխարհի հնագույն, հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող ազգի»,-ընդգծեց Հարություն Թերզյանը:

Աշխատանքային այցը մեր դասախոսի համար հագեցած է եղել ոչ միայն մասնագիտական առումով, այլև՝ մշակութային: Նա այցելել է թանգարաններ, ծանոթացել երկրի պատմամշակութային հուշարձաններին և այլն:

«Էրասմուս+» ծրագիրը, ասիստենտի գնահատմամբ, եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու, լավագույն փորձը  յուրացնելու, օտար երկրների մշակույթին ծանոթանալու, ինչու չէ նաև մեր մշակույթը դրսում ներկայացնելու բացառիկ հնարավորություն է ուսանողների և դասախոսների համար:

Հ.Գ. Երկրորդ լուսանկարը տրամադրել է Հարություն Թերզյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին