Կայացավ ռեկտորատի հերթական նիստը. այսօր նախատեսվում է պուրակի բացում
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի ռեկտորատի հերթական նիստը: Մագիստրատուրայի ուսման վարձերի մասին հարցի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: Քննարկումների արդյունքում ռեկտորատը որոշեց պահպանել մագիստրատուրայում սահմանված ուսման վարձերի նախկին չափը:
Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց նաև բակալավրիատի հեռակա ուսուցման խմբերի միացման մասին հարցը, ներկայացված առաջարկները հաստատվեցին:
Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ ուսման վարձերի վճարման գործընթացին, ՀՊՏՀ ռեկտորին ուղղված ուսանողների դիմումներին: Ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին հայտնեց, որ այսօր ժամը 15.00-ին, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու տարածքում (Նոր Նորքի 1-ին զանգված, Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածք) կբացվի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված պուրակ, որտեղ կտեղադրվեն խաչ և հուշաքար: Ռեկտորը ցանկացողներին հրավիրեց միջոցառմանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին