Արտերկում դասավանդելու և փորձի փոխանակման ևս մեկ փորձառություն

Դիտումների քանակ՝ 1768

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը մեկն է մեր դասախոսներից, ով ԵՄ «Էրասմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ից գործուղվել է՝ դասավանդելու արտերկրի համալսարանում: Մայիսի 9-13-ը մեր դասախոսը ռազմավարական կառավարման թեմաներով դասախոսություններ է կարդացել Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում:

««Էրասմուս+» ծրագրով միջազգային մագիստրոսական խմբում դասախոսեցի «Մրցակցային ռազմավարությունների տեսակները» թեմայով: Ըստ երևույթին, Պերուից, Չինաստանից, Կորեայից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած ուսանողների համար մատուցվող նյութը թարմ էր, մոտեցումները նոր, քանի որ լսարանն աշխույժ արձագանքում էր, հնչում էին բազմատեսակ հարցադրումներ»,- մեզ հետ զրույցում պատմեց Տիգրան Մնացականյանը: Նա նաև անդրադարձավ Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական աշխատակազմի հետ ոչ ֆորմալ հանդիպումներին, որոնք, նրա վկայությամբ, փորձի փոխանակման, բուհական հիմնախնդիրների համատեղ քննարկման առիթ են ընձեռել:

«Ինչպես քննարկումները երևան հանեցին, մեր համալսարանները շատ ընդհանրություններ ունեն, և Բոլոնյան կրթահամակարգի զարգացման ճանապարհին նույն հիմնախնդիրներն են ծառանում մեր առջև. կրթական ծրագրերի մշակում, գնահատման մեթոդների կատարելագործում»,-ասաց Տիգրան Մնացականյանը և հավելեց՝ որակյալ կրթական ծառայության մատուցման համար բազմաթիվ գաղափարներ ու գործնական առաջարկություններ հնչեցին այդ հանդիպումների ընթացքում:

«Էրասմուս+» ծրագիրը համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին