Գործուղում «Էրասմուս+» ծրագրով. դասախոսություններ բնապահպանական հիմնախնդիրների շուրջ

Դիտումների քանակ՝ 1723

Եվրոպական Միության «Էրասմուս+» ծրագրով ՀՊՏՀ գործընկեր, Ռումինիայի Սուչավա քաղաքի Շտեֆան Չելմարեի համալսարանից օրերս վերադարձել է ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Աննա Կարապետյանը: Մայիսի 16-20-ը նշված համալսարանի տնտեսագիտության և հանրային կառավարման ֆակուլտետում ՀՊՏՀ դասախոսը բակալավրիատի և մագիստրատուրայի ռումինացի ուսանողների համար դասախոսել է «Աղտոտման կարգավորման տնտեսական լծակներ» և «Հայաստանի և գլոբալ էկոլոգիական խնդիրների մասին» թեմաներով:

«Տնտեսագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Անժելա Ալբուն առանձնակի կարևորում է իրենց ֆակուլտետի ուսանողների համար բնապահպանական հիմնախնդիրների մասին դասախոսությունները, և ուսանողներն էլ մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում և հարցեր ուղղում»,- մեզ հետ զրույցում նշեց Աննա Կարապետյանը և հավելեց, որ փոխադարձ հետաքրքրության մթնոլորտում է անցել նաև դասախոսների հետ հանդիպումը, որի ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու քաղաքականությունը:

«Շտեֆան Չելմարեի համալսարանում ուսումնառող մեր ուսանողներից հանդիպեցի Վահե Բարսեղյանին, մյուսներն այդ օրերին մասնակցում էին գիտաժողովի: Ինչպես տեղեկացա՝ լավ էին ինտեգրվել կրթական նոր միջավայրում, և հուսով եմ կիսամյակը հաջողությամբ կամփոփեն: Ինչ վերաբերում է համալսարանին, ապա հրաշալի տպավորություն ստացա, արդյունավետ ուսումնառության բարեկարգ միջավայր է ստեղծված, հատկապես ինձ գրավեցին համալսարանական այգու արևային մարտկոցները», - ասաց Աննա Կարապետյանը և հավելեց, որ լինելով փոքր քաղաք՝ Սուչավան ոչ միայն ակադեմիական կրթության լավ ավանդույթներ է ստեղծել, միասնացել է համաեվրոպական կրթական տարածքին, այլև իր պատմական ու մշակութային արժեքով շատ կարևոր է հայերիս համար՝ որպես մեր ազգային հուշարձանների ու եկեղեցիների, մեր ինքնության մասին պատմող վայր:

ԵՄ «Էրասմուս+» ծրագիրը համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

Հ.Գ. Երկրորդ լուսանկարում՝ Անժելա Ալբուի, երրորդում՝ Վահե Բարսեղյանի հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին