Թիմային աշխատանքը՝ հաղթանակի գրավական. ցուցադրվեց ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին նվիրված ֆիլմ
Մեր համալսարանի դահլիճում այսօր ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին նվիրված միջոցառումը համախմբել էր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների, ուսանողների, մարզասերների, հյուրերի: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, նշված ամբիոնի ներկայացուցիչներ, ուսխորհրդականներ: Օրվա հերոսները ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի տղաներն էին, հատուկ հյուրերի շարքում էին թիմի գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը և հավաքականի բժիշկ Վահրամ Սարգսյանը:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նկարահանվել է «Չեմպիոնական ճանապարհ» տեսաֆիլմը, որը ներկայացնում է մեր համալսարանի ֆուտզալի հավաքականի ստեղծման պատմությունը, անցած ուղին, հաղթանակի հասնելու ճանապարհը, թիմային աշխատանքը: Անդրանիկ ցուցադրությունն այսօր էր: Ֆիլմում խտացված էին ակնթարթներ՝ մեր ֆուտզալիստների գեղեցիկ խաղերից, իսկ թիմի անդամները հանդիսատեսին էին ներկայացնում իրենց առաջին քայլերը, հուզական ապրումները, նպատակներն ու անելիքները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հովհաննես Գաբրիելյանը և ընդգծեց, որ 2-րդ տարին անընդմեջ Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականը նվաճում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի կոչումը, ինչը հայաստանյան համալսարանական պատմության մեջ աննախադեպ է: Ամբիոնի ղեկավարը ֆուտզալի թիմին մշտապես աջակցելու համար շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանին, պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին, ով նաև ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի աշխատանքների համակարգողն է:
Ելույթ ունեցավ ռեկտոր Կորյուն Աթոյանը և նշեց, որ ֆուտզալի թիմի կերտած հաղթանակի շնորհիվ է նաև բարձր հնչում բուհի անունը:
«Բազմիցս նշել եմ, որ համալսարանները բարձրագույն կրթություն տվող կառույցներ են, բայց կարևոր է նաև, որ այստեղ ձևավորվում է ապագա քաղաքացին և դրանում մեծ է սպորտի և ֆիզիկական կուլտուրայի դերը»,-ասաց ռեկտորը և հավելեց, որ բուհի ղեկավարությունը միշտ պատրաստ է աջակցելու՝ մարզական հաջողությունների հասնելու համար: Չեմպիոն հռչակվելու և համալսարանի պատիվը բարձր պահելու համար ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց ֆուտզալի թիմի տղաներին, հաղթանակին նպաստելու համար շնորհակալագրեր ստացան նաև ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսներ Էլիանորա Գրիգորյանը, Մեսրոպ Ղուկասյանը, բժիշկ Վահրամ Սարգսյանը:
Ելույթ ունեցավ գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը, ով հետևողականության համար շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը և նշեց, որ հաղթանակն ու հաջողությունը սկսվում է հենց բուհից: Մարզիչը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ՝ համալսարանի ակնկալիքներն արդարացնելու համար:
Նշենք, որ առաջիկայում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը մասնակցելու է եվրոպական համալսարանական առաջնության:
Կրկին շնորհավորում ենք ՀՊՏՀ ֆուտզալի թիմին, մաղթում գոլառատ խաղեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին