Բրենդի կառուցում, հայեցակարգ և փուլեր. բանախոսեց ռուսաստանցի մասնագետը
Այսօր նիստերի սրահում ՀՊՏՀ ուսանողները, ասպիրանտները և դասախոսները մասնակցեցին ՌԴ Հարավ-դաշնային համալսարանի կառավարման ֆակուլտետի միջազգային կապերի գծով փոխդեկան, տ.գ.թ., մարքեթինգի ամբիոնի դոցենտ, «Բրենդինգ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եկատերինա Ժուկի վարպետության դասին՝ «Բրենդի կառուցում. մարքեթինգային միջավայրի ուսումնասիրություն, դիրքավորում, «բրենդի հարթակ»» թեմայով:
Հյուրին ներկայացրեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ ընդգծելով այն բազմամյա բարեկամական ու համագործակցային հարաբերությունները, որ ձևավորել են ՀՊՏՀ-ն և Հարավ-դաշնային համալսարանը փոխադարձ հյուրընկալություններով, համատեղ գիտաժողովներով, ուսանողների և դասախոսների փոխանակություններով:
Եկատերինա Ժուկը ելույթի սկզբում նշեց, որ իր այցելությունը միտված է մեր բուհի հետ հետագա համագործակցության ամրապնդմանը: Ապա, անդրադառնալով իր բանախոսության թեմային, նշեց, որ բաց դասի նպատակն է մարքեթինգային գիտակարգի միջոցով բարելավել բրենդի կառուցման մասին ուսանողների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները՝ ընդգծելով, որ բրենդի ստեղծման արդի մոտեցումները, մեթոդները և տեխնոլոգիաները, գործնական կարողությունները կարևոր են ու պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին: Ըստ բանախոսի՝ 21-րդ դարի շուկան ինտերակտիվ շուկա է, և նոր ժամանակների մարտահրավերներում անչափ կարևոր են նոր, ոչ ստանդարտ որոշումները, նոր գաղափարների գեներացումը: Նա ունկնդիրներին ներկայացրեց Քեյվին Քելերի՝ բրենդի կազմավորման բազմակողմանի մոդելը, որի հիմքում «բրենդի կապիտալ» հասկացությունն է:
Դասախոսությունը հագեցած էր բրենդինգի հայեցակարգային հիմնադրույթներով՝ բրենդի կառուցման հիմնական փուլեր, շուկայում դիրքավորման մեթոդներ: Բանախոսն անդրադարձավ ռուսական և արտասահմանյան մի շարք բրենդերի՝ ներկայացնելով տարբեր հայեցակարգեր: Այս համատեքստում նա կարևորեց մարքեթինգային տարածքի ուսումնասիրությունը՝ շուկայի հնարավորությունների, նպատակային լսարանի, հիմնական բրենդ-մրցակիցների բացահայտումը, որը պետք է հանգեցնի ապրանքի դիրքավորմանը շուկայում, դրա հիմնական հատկանիշների ձևավորմանը: Արդյունքում սպառողի գիտակցության մեջ կստեղծվի ու կամրագրվի բրենդը, կմշակվի բրենդի դիրքավորման ռազմավարություն և կձևավորվի «բրենդի հարթակ»:
Բանախոսը պատասխանեց ուսանողների և դասախոսների առաջադրած հարցերին: Ավարտին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Բրենդի կառուցում. մարքեթինգային միջավայրի ուսումնասիրություն, դիրքավորում, «բրենդի հարթակ»» թեմայով բաց դասի և միջազգային ակադեմիական շարժունության զարգացմանն ուղղված ջանքերի համար Եկատերինա Ժուկին հանձնեց հավաստագիր ու ծաղիկներ:
Բաց դասը կազմակերպել էր արտաքին կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին