Դեկան Ատոմ Մարգարյանը՝ միջազգային գիտական համաժողովներում
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 18-21-ը մասնակցել է գիտական երկու համաժողովների ու վերադարձել հարուստ տպավորություններով։
Մեզ հետ զրույցում դեկան Մարգարյանը մանրամասնեց, որ գիտական առաջին միջոցառումը՝ «Եվրասիական տնտեսական միության հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով միջազգային գիտական սեմինարը կայացել է մայիսի 18-ին Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանում (ԲԱՏՀ)։ Սեմինարի շրջանակներում ամփոփվել են ՀՀ ԿԳՆ ԳՊԿ և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հիմնադրամի ֆինանսական աջակցության շրջանակներում Հայ-բելառուսական համատեղ՝ «Մաքսային միության ընդլայնումը որպես անդամ երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման գործոն» գիտական թեմայի արդյունքները։ Թեմայի հայկական կողմի ղեկավարը Ա. Մարգարյանն է (հետազոտական թիմի անդամներ՝ տ.գ.դ. Դ.Գալոյան, տ.գ.թ. Հ.Թերզյան, տ.գ.թ. Ա.Պետրոսյան), իսկ բելառուսական կողմի ղեկավարը ԲԱՏՀ Տնտեսագիտության և իրավունքի ամբիոնի վարիչ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Սոլոդովնիկովը (հետազոտական խմբի անդամներ՝ Ա.Սվեռլով, Օ.Մազուրենկո, Ս.Քսենզովա)։
Ատոմ Մարգարյանի փոխանցմամբ՝ 2 տարի տևած գիտական թեմայի շրջանակներում կատարվել են ավելի քան 50 գիտական հրապարակումներ, որոնցից 22-ը տեղական և միջազգային գիտական հանդեսներում և պարբերականներում հրապարակված համատեղ հոդվածների տեսքով, գիտական խմբերի անդամները միջազգային գիտական համաժողովներում ներկայացրել են 25-ից ավելի գիտական զեկույցներ։ Ըստ ծրագրի ղեկավարի՝ այն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսին և դեռևս հրապարակման փուլում են կամ նախապատրաստվում են ևս մեկ տասնյակի հասնող հրապարակումներ։ Ի դեպ, Ատոմ Մարգարյանի Մինսկ կատարած գիտական գործուղման բոլոր ծախսերը ֆինանսավորվել են հենց այդ ծրագրի միջոցների հաշվին։
Մայիսի 19-20-ը Ատոմ Մարգարյանը նաև Մինսկում մասնակցել է
Բելառուսի Պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսական աճ. գլոբալացում, նորաստեղծություն, կայունություն» խորագրով 9-րդ միջազգային գիտաժողովին։ Համաժողովին մասնակցել են 8 երկրների ավելի քան 400 ներկայացուցիչներ։ՀՊՏՀ ներկայացուցիչը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել «Ինովացիոն և արտահանման ակտիվությունների փոխներգործությունները տնտեսության տեխնոլոգիական արդիականացման համատեքստում» թեմայով զեկուցմամբ։
«Նորաստեղծության հենքի վրա տնտեսության արդիականացման, մրցունակության բարձրացման ու դրա հիման վրա արտահանման ընդլայնման պահանջը այսօր արդիական է աշխարհի բոլոր երկրների համար և այս առումով մեր երկիրը բացառություն չէ»,- ասաց դեկանը՝ հավելելով, որ զեկույցի ընթացքում ներկայացրել է թեմային առնչվող ինչպես տեսամեթոդական, այնպես էլ գիտագործնական ասպեկտները՝ հենվելով տեխնոլոգիական նորաստեղծություննների ու արտահանման կլաստերի ձևավորման հարցում հայաստանյան փորձի, հիմնախնդիրների և ձեռքբերումների վրա։
«Մինսկի գիտաժողովը հիանալի առիթ էր ոչ միայն իմ գիտական թեզերն ու դրույթները ներկայացնելու, ակտիվ դիսկուրսի ընթացքում քննարկելու հետաքրքիր ու արդիական հարցեր, այլև՝ շփվելու տարբեր երկրներից ժամանած գիտնականների հետ, նրանց հետ հաստատելու հեռանկարային կապեր՝ համատեղ ծրագրեր իրականացնելու ակնկալիքով»,- ասաց դոցենտը՝ մասնավորեցնելով, որ պայմանավորվածություններ է ձեռք բերել Բելոստոկի (Լեհաստան) կառավարման և ֆինանսների համալսարանի ռեկտոր Է.Խոստիլովիչի, ինչպես նաև ԲՊՏՀ պրոռեկտոր Գ.Կորոլյոնոկի հետ՝ քննարկվող թեմաների շուրջ բելառուսական գործընկերների հետ համատեղ, եռակողմ հետազոտական ծրագրեր իրականացնեու շուրջ: Նաև պայմանավորվածություններ են կայացել «Erasmus+» ծրագրի շրջանակներում ուսանողների ու դասախոսների փոխանակային ծրագրեր իրականացնելու շուրջ։
Հավելենք, որ Ատոմ Մարգարյանի ներկայացրած զեկուցումները լույս են տեսել գիտաժողովների նյութերի ժողովածուներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին