Շվեյցարական համալսարանի պատվիրակները հանդիպեցին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Դիտումների քանակ՝ 1629

Մեր համալսարանում հյուրընկալված շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ջավեդ Սանգրելին և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ալան Հուդաշթյանը այսօր դահլիճում  հանդիպեցին  ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ. նպատակն էր ներկայացնել ՈւՄԵՖ-ի և ՀՊՏՀ-ի միջև  նախատեսվող համագործակցությունը:

Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ,  բուհի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Բացման խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ ողջունելով և ներկայացնելով հյուրերին, ապա կարևորելով մեր համալսարանի միջազգայնացման  գործընթացը:

Ռեկտոր Ջավեդ Սանգրելին նշեց, որ ուրախ է ՀՊՏՀ-ում հյուրընկալվելու համար, ապա ներկայացրեց իրենց համալսարանը՝ նշելով, որ այն ժնևյան բուհ է, որը   ներկայացուցչություններ ունի 4 երկրներում: Ջավեդ Սանգրելին անդրադարձավ ուսումնական ծրագրերին, ուսումնառության հետ  կապված մանրամասների: Առանձնահատուկ ընդգծվեց, որ  ՈւՄԵՖ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմում ներգրավված են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, խրախուսվում են օտարերկրացի լավ սովորող  ուսանողները, որոնց տրամադրվում են կրթաթոշակներ (ուսման վարձի փոխհատուցում):

Պրոֆեսոր Հուդաշթյանը խոսեց ՀՊՏՀ-ի հետ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հեռանկարների մասին: Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է ծրագիրն իրականացնել մագիստրատուրայում, հետագայում նաև՝ բակալավրիատում և ասպիրանտուրայում:  Նշվեց, որ ՈւՄԵՖ-ի համալսարանը խրախուսում է առաջնորդության հմտություններով օժտված ուսանողներին և կադրեր է պատրաստում, որոնք աշխարհի տարբեր երկրների զարգացման գործում կարող են ներդրում ունենալ: Շվեյցարական համալսարանի ներկայացուցիչների ելույթներից հետո խոսքը տրամադրվեց ունկնդիրներին: Ուսանողները հետաքրքրվեցին նախատեսվող մագիստրոսական ծրագրի տևողությամբ, ուսումնառության հետ կապված հարցերով՝ լեզվի, մասնագիտացումների  և այլն:

ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողներին հետաքրքրում էր՝ արդյոք ծրագիրը միայն ՀՀ քաղաքացի ՀՊՏՀ ուսանողների, թե նաև այստեղ սովորող օտարերկրացի ուսանողների համար է, ի պատասխան՝ շվեյցարական համալսարանի ներկայացուցիչները նշեցին, որ ՀՊՏՀ բոլոր ուսանողները, այդ թվում և օտարերկրացի, կարող են մասնակցել ծրագրին:

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տտնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը հետաքրքրվեց համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությամբ, քննարկվեցին այս ուղղությամբ  համագործակցության ուղիները:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, եզրափակելով հանդիպումը, կոչ արեց ուսանողներին ակտիվություն ցուցաբերել միջազգային կրթական ծրագրերի նկատմամբ: Պրոռեկտորը նշեց, որ բոլոր ծրագրերն ուղղված են ՀՊՏՀ-ում կրթության որակի բարձրացմանը:

Նշենք, որ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ ՀՊՏՀ-ի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի միջև:

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին