ՀՊՏՀ հերթական աջակցությունը՝ անապահով ընտանիքին

Դիտումների քանակ՝ 1411

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանի նախաձեռնությամբ  մեր համալսարանն օրերս հերթական  օժանդակությունն է ցուցաբերել Բալահովիտում բնակվող Եպիսկոպոսյանների անապահով  ընտանիքին:  Այս անգամ ՀՊՏՀ-ականները  հատուկ հրավերով են այցելել  Եպիսկոպոսյաններին. լրացել է ընտանիքի ավագ որդու՝ Ալֆրեդի 7-ամյակը, որին հրավիրված են եղել մեր բուհի ներկայացուցիչները: Այս մասին մեզ տեղեկացրեց Լուսինե Կարագուլյանը: Օգտագործելով պատեհ առիթը՝ համալսարանականները ընտանիքին են հանձնել սննդի, հագուստի, դեղորայքի հերթական խմբաքանակը:

Բարեգործական այցին միացել են մեր համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները, ովքեր նյութական աջակցություն են ցուցաբերել: Աջակցել են բուհի  օտար լեզուների ամբիոնի մի խումբ դասախոսներ, արհկոմիտեն, աշխատակիցներ:

Հավելենք, որ մեր բուհի ներկայացուցիչները ձմռանն  այցելել և օգնել են ևս մի քանի անապահով ընտանիքների:

Մեզ հետ զրույցում Լուսինե Կարագուլյանն ասաց, որ բարեգործական այցերը շարունակական են և կարիքավոր ընտանիքներին նյութական աջակցություն ցուցաբերելը գեղեցիկ ավանդույթ է դարձել: Բարեգործությունն ու մարդասիրությունը վարակիչ ու համախմբող է հատկապես մեր ուսանողների համար:

«Շատ հաճելի է լսել, որ արդեն ուսանողներն են առաջարկում այցելել և աջակցել անապահով ընտանիքներին: Նրանք լի են օգտակար լինելու, քաջալերելու ցանկությամբ, ինչը ողջունելի է»,-ասաց Լուսինե Կարագուլյանը:

Այսպիսով, այս ուսումնական տարում  բարեգործական այցերը եզրափակվեցին, դրանք կվերսկսվեն նոր ուսումնական տարվանից:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Լուսինե Կարագուլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին