ՀՊՏՀ ղեկավարությունը հյուրընկալեց շվեյցարական համալսարանի պատվիրակությանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հյուրընկալվեցին շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ջավեդ Սանգրելին և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ալան Հուդաշթյանը:
Նրանց իր աշխատասենյակում հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Ողջունելով հյուրերի այցը՝ Կորյուն Աթոյանը ներկայացրեց համալսարանի միջազգային գործունեությունը՝ մասնավորեցնելով այն ծրագրերը, որոնցում Տնտեսագիտական համալսարանը ներգրավված է: Մեր համալսարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ժամանակակից աշխարհում կրթության որակի բարձրացման ճանապարհին կարևոր են նաև միջազգային ծրագրերը:
Շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ջավեդ Սանգրելին շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է Տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվելը: Պրոֆեսոր Ջավեդ Սանգրելին համառոտ տեղեկատվություն ներկայացրեց իրենց համալսարանի մասին՝ նշելով, որ այն ոչ թե եվրոպական, այլ զուտ ժնևյան համալսարան է, որն աշխարհի 4 երկրներում ունի ներկայացուցչություններ, ունի 2 քոլեջ, դասախոսական կազմը համալրում են աշխարհի 24 երկրների, այդ թվում՝ Հայաստանի մասնագետներ, որոնց թվում՝ ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը:
Շվեյցարական համալսարանի պատվիրակությունը մեր բուհում է համագործակցության առաջարկով. նրանք հետաքրքրված են համատեղ կրթական (բակալավրական, մագիստրոսական, նաև հետազոտական) ծրագրի իրականացմամբ: Կողմերն անդրադարձան այդ հարցին, քննարկեցին նման ծրագիր իրականացնելու հնարավորությունները, ընթացակարգերը:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ներկայացվող փոխգործակցության առաջարկին: Կազմակերպական հարցերից զատ ՀՊՏՀ ռեկտորը շեշտադրեց նաև որակյալ կրթության մատուցումը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնության հիմքում պետք է կարևորվի հենց այդ մոտեցումը:
Հիշեցնենք, որ վաղը ժամը 10.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում շվեյցարական համալսարանի պատվիրակությունը կհանդիպի ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին