«Էրասմուս+»-ի պատվիրակը վերադարձել է Վառնայից

Դիտումների քանակ՝ 1972

Եվրոպական Միության «Էրասմուս+» ծրագրով ընթացիկ ուսումնական կիսամյակում ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները գործուղվում և դասավանդում են ծրագրի գործընկեր համալսարաններում՝ Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի, Հունաստանի և Բուլղարիայի բուհերում:

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը մայիսի 8-15-ը յոթօրյա այցով գտնվել է Բուլղարիայում՝ Վառնայի տնտեսագիտական համալսարանում:

Այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում մեզ հյուրընկալվելով` Դիանա Գալոյանը ներկայացրեց իր այցի մանրամասները և իր  գոհունակությունը հայտնեց վերջին տարիներին բուհի միջազգային գործունեության վերաբերյալ:

«Ցանկանում եմ ընդգծել, որ չեմ հիշում մի ժամանակաշրջան, որ համալսարանն այսչափ ներգրավված լիներ միջազգային ծրագրերում, և մասնագետների և ուսանողնեևրի փոխանակությունն այսչափ հնարավորություն ստեղծեր ներկայացնելու մեր երկիրն ու համալսարանը: Այս հարցում պետք է արժանին մատուցել համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանին, արտաքին կապերի բաժնին, որը համակարգում է ծրագրի գործընթացը: Մասնավորեցնելով իմ այցը՝ ասեմ, որ Վառնայի տնտեսագիտական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ օտարերկրացի ուսանողներին դասավանդում էի «Միջազգային առևտուր» դասընթացը»,- ասաց Դիանա Գալոյանը և ընդգծեց, որ ուսանողներն այդ խմբում հետաքրքրված էին ոչ միայն մասնագիտական դասընթացով, այլև մեր տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական գործընթացով, հայկական սփյուռքի առաջացման, Հայաստան-Իրան, Եվրասիական միություն և Եվրամիություն հիմնահարցերով:

«Սա հրաշալի առիթ էր օտարերկրացուն ներկայացնելու մեր երկիրը, համալսարանը, ծավալելու քննարկում և հայանպաստ դիրքորոշում ձևավորելու: Նշեմ, որ հանդիպեցի նաև «Էրասմուս+» ծրագրով այդ համալսարանում ուսանող ՀՊՏՀ-ականներ Մարի Ավանեսյանին և Աննա Խաչատրյանին: Նրանք գոհ էին ուսումնառության ընթացքից, հատկապես գրավիչ էին գնահատում գործնական կողմը: Մեկ ամսից կվերադառնան, իսկ այդ օրերին պատրաստության մեջ էին, պետք է մասնակցեին փառատոնի, որտեղ կներկայացնեին մեր ազգային մշակույթն ու խոհանոցը»,-ասաց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ իր համար այցելությունն օգտակար էր նաև բուլղար ժողովրդի ստեղծած պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև հայկական ժառանգության վկայությունների հետ ծանոթությամբ՝ հայկական առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցի, կիրակնօրյա հայկական դպրոց, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող և այլ հուշարձանններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին