ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հյուրընկալվեցին «Level-up» միջազգային գիտաժողովին

Դիտումների քանակ՝ 1416

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 20-ին Ծաղկաձորում մեկնարկած «Level-up» միջազգային ուսանողական գիտաժողովին այսօր հյուրընկալվեցին ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Ամենամյա այս գիտաժողովին, որ այս տարի միջազգային ձևաչափ էր ստացել, մասնակցում էին աշխարհի 7 երկրների 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Գիտաժողովի կարգախոսն է «Օգնիր ընկերոջդ հասնել բարձր մակարդակի»:

«Համաշխարհային տնտեսական մարտահրավերներ» խորագրով անցկացվող գիտաժողովում ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ողջունելով ուսանողների նախաձեռնությունն ու նաև ուրախալի համարելով գիտաժողովում աշխարհի տարբեր երկրների համալսարանների ուսանողներների ներգրավումը: «Որպես Հայաստանի Հանրապետության Կառավարության ղեկավար՝ ես մեծ ուշադրություն եմ դարձնում մասնագիտական բոլոր այն ռացիոնալ քննարկումներին, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրի տնտեսության զարգացման, մեր առջև ծառացած խնդիրների լուծման  գործում»,- նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ առկա տնտեսական հիմնախնդիրների ծանր և պատասխանատու լուծումը Հայաստանի Հանրապետության Կառավարության ուսերին է:

«Ակնհայտ է, որ մենք ունենք անհրաժեշտ կամք և մեծ ցանկություն՝ կրկնապատկելու մեր ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրի տնտեսական զարգացմանը, արդյունքում նաև՝ ինքնաբավ և բարեկեցիկ կենսապայմանների ապահովմանը»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով գիտաժողովում հնչած քննարկումների ու զեկուցումների բովանդակությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց. «Համոզված եմ, որ  այն կրթված, հայրենասեր և գեղեցիկ երիտասարդությունը, որ ունենք այսօր, ի զորու է առաջադրել ոչ միայն մասնագիտական կարծիքներ ու առաջարկներ, այլև իր մեծ նպաստը բերել մեր պետության զարգացման գործին»: Եզրափակելով խոսքը` վարչապետն առաջարկեց որևէ ձևաչափով քննարկում կազմակերպել ոչ միայն տնտեսության զարգացման խնդիրների, այլև` տնտեսության զարգացումը խոչընդոտող հանգամանքների մասին:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը` անդրադառնալով ՀՊՏՀ  վերջին տարիների համալսարանական գիտության զարգացման քաղաքականությանը, շեշտելով բուհի ղեկավարության այն համոզմունքը, որ  համալսարանների զարգացումն ու մրցունակ լինելու գրավականներից  մեկը գիտահետազոտական ուղղության զարգացումն է, ինչին էլ ուղղվել են վերջին տարիների գործունեությունը:

«Մեր համալսարանում մեծ թափ ստացած գիտահետազոտական աշխատանքներում առաջին անգամ ներգրավվել են նաև ուսանողներ, որոնք այդպիսով հնարավորություն են ստացել ոչ միայն  զարգացնելու իրենց հետազոտական կարողությունները, այլև վարձատրվելու:

Ուրախությամբ եմ նշում, որ համալսարանի գործունեության գրեթե բոլոր բնագավառներում էապես մեծացել է մեր ուսանողների մասնակցությունը, բազմաթիվ են նրանց նախաձեռնությունները բոլոր ոլորտներում: Գովելի է նաև, որ ուսանողներն իրենք են կարևորում  գիտական միջոցառումների անցկացումը և ամենամյա դարձած այս գիտաժողովի կազմակերպումը դրա վկայությունն է»,- նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ ռեկտորի խոսքով` համաշխարհային տնտեսական մարտահրավերները, որ  քննարկման առիթ են Հայաստանի Հանրապետության Կառավարության, պետական պաշտոնյաների և պատկան այլ մարմինների համար, նաև տնտեսագետների մասնագիտական տեսադաշտում են:

«Մեր համալսարանը հավակնում է փորձագիտական, հետազոտական կարծիքներով իր նպաստը բերել հայրենի տնտեսության զարգացման գործին և այս ուղղությամբ նույնպես գործնական քայլեր կատարվել են: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեր համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը գիտական հետազոտություններ է իրականացնում նախարարությունների համար»: Եզրափակելով ելույթը` ՀՊՏՀ ռեկտորը շեշտեց, որ վերջին տարիներին համալսարանը հաջողություններ է արձանագրել գործունեության բոլոր ուղղություններում և դրանում մեծ է ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի ավանդը: «Մենք մշտապես ստացել ենք նրա աջակցությունը, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը»,- ասաց նա: Ռեկտորի ամբողջական ելույթին ծանոթացեք այստեղ:

Ներկաները լսեցին ուսանողներ Մարիանա Խաչատրյանի «Տնտեսական և ռազմական շահերի բախումը որպես համաշխարհային մարտահրավեր» և Զավեն Խուկեյանի «Ռոբոտատեխնիկան ՀՀ ռազմաարդյունաբերության մեջ և որպես Հայաստանի բրենդի զարգացման ուղղություն» զեկուցումները, որոնց շուրջ ներկաները հնչեցրին հարցեր:

Գիտաժողովի տվյալ մասի ավարտից հետո ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց ուսանողների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով:

Գիտաժողովն ամփոփվեց օրվա երկրորդ կեսին, մասնակիցներին վկայականներ և պատվոգրեր հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը և ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը: Բուհի ղեկավարության անունից լավագույն զեկուցումներ ներկայացնելու և միջազգային գիտաժողովի կազմակերպման համար ռեկտոր Կորյուն Աթոյանը երեք ուսանողների` Հայկ Գրիգորյանին, Ալբերտ Հայրապետյանին և Գրիգոր Ոսկերչյանին, առաջարկեց ընդգրկվել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներում: Սա անակնկալ էր ուսանողների համար և ընդունվեց խանդավառությամբ: Եզրափակելով գիտաժողովը` ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը շեշտեց, որ անցած երեք օրերը ոչ միայն գիտելիքների հարստացման հնարավորություն էին, այլև փոխշփումների առիթ, ապա շնորհակալություն հայտնեց ուսանողներին, մրցատյանի կազմում ընդգրկված դասախոսներին, ինչպես նաև ռեկտոր Կորյուն Աթոյանին և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որոնց գործուն աջակցությամբ կյանքի կոչվեց գիտաժողովը:

Առաջիկայում կհրապարակենք նաև գիտաժողովի արդյունքներով լավագույնները համարված ուսանողների անունները, որոնք նաև արժանացան արժեքավոր նվերների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին