Նոր կոլեկտիվ մենագրությունը՝ գիտահետազոտական աշխատանքի արգասիք
«Կրթության մոտիվացիա» գիտաուսումնական խումբը (ղեկավար՝ ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտություն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մերի Բադալյան, խմբի անդամներ՝ մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Դադայան, մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարինե Նիկողոսյան, ՀՊՏՀ մագիստրոսներ՝ Լուսինե Հովհաննիսյան, Անի Հովհաննիսյան, Ասյա Պետրոսյան) շուրջ մեկ տարի ուսումնասիրում էր ՀՊՏՀ անձնակազմի աշխատանքային գործունեության մոտիվացիայի բարձրացման հիմնախնդիրները: Այսօր արդեն ընթերցողի սեղանին է վերոբերյալ թեմայով խորազնին ու հետևողական մի աշխատանք՝ կոլեկտիվ մենագրություն՝ «Մոտիվացիայի բարձրացման հիմնախնդիրները բարձրագույն կրթության ոլորտում» վերտառությամբ, որը հրատարակության է երաշխավորվել ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից:
Ինչպես ներկայացված է ծանոթագրությունում, գրքում ներկայացված են աշխատանքային գործունեությունը մոտիվացնող գործընթացների դասական մեկնաբանություններ: Որպես մասնագիտական գործունեության մոտիվացման ուսումնասիրման օբյեկտ է ընտրվել ՀՊՏՀ-ն, որտեղ և կատարվել են որակական և քանակական հետազոտություններ: Որպես առանձնահատուկ նշանակության խնդիր՝ առանձնացվել և ուսումնասիրվել են երիտասարդ դասախոսների մոտիվացման առանձնահատությունները, որպես ուղղություններ՝ կառավարչական գործունեությունը, կարիերան, կազմակերպական մշակույթը, սոցիալական և բարոյական գործոնների մոտիվացման ուղղությունները:
Մենագրությունն ամփոփվել է ՀՊՏՀ անձնակազմի աշխատանքային գործունեության մոտիվացման մակարդակի բարձրացման հայեցակարգով:
Շնորհավորում ենք հեղինակներին ու մաղթում աշխատանքային ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին