Եզրափակվեցին օտարերկրացի դասախոսների բանախոսությունները ՀՊՏՀ-ում
«Էրասմուս+» ծրագրի շրջանակներում եվրոպական համալսարաններից ՀՊՏՀ-ում հյուրընկալված դասախոսների բանախոսությունները, որոնք մեկնարկել էին մայիսի 3-ին, այսօր եզրափակվեցին հունգարացի Զոլտան Բարթայի դասախոսությամբ: Ֆինանսական ֆակուլտետի ուսանողների համար նա ներկայացրեց «Ապագայի ինդեքսի հաշվարկը» թեման:
Դասախոսը նախ խոսեց Միսկոլչի համալսարանի մասին՝ ներկայացնելով լուսանկարներ և տեղեկություններ: Դասախոսության թեմայի շրջանակներում անդրադարձ կատարվեց ապագայի տնտեսության կանխատեսումներին, ուրվագծվող միտումներին, գլոբալ մարտահրավերներին և այլն: Դասախոսությունը հագեցած էր հարցուպատասխանով:
Մեզ հետ զրույցում ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը նշեց՝ ուրախալի է, որ մեր համալսարանն ընդգրկված է եվրոպական կրթական ծրագրերում, ինչը հնարավորություն է ընձեռում ունկնդրելու օտարերկրացի դասախոսներին: «Հետաքրքիր է միջազգային փորձին, օտարերկրացիների մտածողությանը ծանոթանալը: Այս դասախոսությունները զարգացնում են նաև անգլերենով հաղորդակցվելու հմտությունները»,-ընդգծեց ուսանողուհին:
Հիշեցնենք, որ մայիսի 3-20-ը ՀՊՏՀ-ում դասախոսություններով հանդես եկան Եվգենյա Տոնկովան, Դանչո Պետրովը, Միհայ Պոպեսկուն, Զոլտան Բարթան: Դասախոսությունները կազմակերպվել են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին