ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հավաստագրեր հանձնեց ՀՀ քաղծառայողներին. ավարտվեց 2016թ. վերապատրաստման 1-ին փուլը
ՀՀ քաղծառայողների համար ՀՊՏՀ-ում կազմակերպված 2016թ. վերապատրաստման դասընթացների առաջին (գարնանային) փուլն ավարտվեց: Այսօր որակավորման հավաստագրեր ստացան մայիսի 10-ից մեր բուհում «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը» ծրագրով վերապատրաստում անցնող ՀՀ բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող 34 քաղծառայողներ: Հավաստագրերը հանդիսավորությամբ հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի պետ Աիդա Առուստամյանը, նույն կենտրոնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը, վերապատրաստման նշված ծրագիրը ներկայացնող, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Գրիգոր Նազարյանը:
Ողջույնի խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց վերապատրաստված քաղծառայողներին և առաջարկեց քննարկել վերապատրաստման ծրագրերի բարելավմանն ուղղված հարցեր, ներկայացնել առաջարկություններ:
Քաղծառայողները, մասնավորապես վերահսկիչ պալատից Մնացական Պետրոսյանը, առողջապահության նախարարությունից Սարո Ծատուրյանը, քաղավիացիայի գլխավոր վարչությունից Նաիրա Սաֆարյանը շնորհակալական և գոհունակության խոսքեր հնչեցրին ոչ միայն դասընթացի կազմակերպման մասին, այլև ՀՊՏՀ ղեկավարության վերաբերմունքի, դասախոսական լավագույն կադրերի և մատուցվող նյութերի որակի, համալսարանում ստեղծած դրական և հաճելի միջավայրի, նյութատեխնիկական ապահովվածության մասին: Առողջապահության նախարարության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ իր ուսանողության տարիներին նման բուհական միջավայրի մասին միայն կարելի էր երազել: Մեկ այլ ելույթում նշվեց, որ հաճելի է տեսնել ոչ միայն բարեկարգ միջավայր, այլև այն, որ այդ գործընթացը շարունակվում է, բուհում փոփոխություններ ամեն օր են տեղի ունենում
Ռեկտոր Կորյուն Աթոյանը, կարևորելով համալսարանական միջավայրի արդիականացումը, միաժամանակ անդրադարձավ կրթության որակին, ընդգծեց ներկա ժամանակներում վերապատրաստումների և շարունակական կրթության նշանակությունը: Համալսարանի ռեկտորն ուրախությամբ արձագանքեց մասնակիցների գնահատականներին, որոնք հիացած էին վերափոխված համալսարանով:
Գրիգոր Նազարյանը նշեց, որ քաղծառայողների համար առաջին անգամ էր այս ծրագրով («ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը») վերապատրաստում իրականացվում և հետաքրքիր էր լսել վերապատրաստվողների արձագանքները:
Ելույթներից հետո հանձնվեցին հավաստագրերը:
Նշենք, որ ՀՀ քաղծառայողների համար ՀՊՏՀ-ում 2016թ. վերապատրաստման դասընթացները կվերսկսվեն աշնանը. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կկազմակերպվի 2-րդ փուլը:
Դասընթացները կազմակերպում է ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնը:
Շնորհավորում ենք վերապատրաստված քաղծառայողներին և մաղթում մասնագիտական նոր առաջընթաց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին