Լուրջ հետազոտական աշխատանք կատարելը մեծ արժանիք է. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ միջբուհական գիտաժողովի մրցանակակիրներին
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ մայիսի 17-ին կազմակերպված «ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով ուսանողական գիտաժողովի մրցանակակիրներին, որոնք բոլորը մեր համալսարանից են: Հիշեցնենք, որ 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել է 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Կարապետյանը (150.000 ՀՀ դրամ), 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Իսայանը (100.000 ՀՀ դրամ) և 4-րդ կուրսեցի Մայա Առուստամյանը (50.000 ՀՀ դրամ):
Հետաքրքիր զեկուցման համար խրախուսական մրցանակի է արժանացել նաև ՀՊՏՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Տիգրանուհի Աղաջանյանը:
Համալսարանի ղեկավարը նախ ծանոթացավ ուսանողների հետ, հետաքրքրվեց գիտաժողովի թեմայով, ուսանողների ներկայացրած աշխատանքներով: «Ես շատ ուրախացա՝ տեղեկանալով ձեր հաջողության մասին, սա իսկապես շատ պատվաբեր է ոչ միայն ձեզ համար, այլև համալսարանի հեղինակության համար»,- նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ուսանողները տեղյակ են, որ մեր համալսարանում ստեղծված են հետազոտական աշխատանքով զբաղվելու լայն հնարավորություններ և կոչ արեց նրանց ակտիվորեն ներգրավվել Ուսանողական գիտական ընկերության ու նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքներում՝ շեշտելով, որ հետազոտական լուրջ աշխատանք կատարելը մեծ արժանիք է:
«Շնորհավորում եմ ձեզ, շատ ոգևորիչ է ձեր հաջողությունը, հայտնում եմ նաև բուհի ղեկավարության պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ անհրաժեշտության դեպքում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և ցանկություն հայտնում, որ ձեր օրինակը վարակիչ լինի նաև մյուս ուսանողների համար»,- ասաց Կորյուն Աթոյանը:
Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին համալսարանի ղեկավարին՝ ուշադրության և շնորհավորանքի համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին