Ուսանողները բացահայտում են EXCEL ծրագրի հնարավորությունները. անվճար դասընթացները մեկնարկեցին

Դիտումների քանակ՝ 1771

Մարքեթինգ մասնագիտության մեջ կարևորելով տեսական և գործնական գիտելիքների համակցումը, վերլուծական ծրագրերի դերն ու նշանակությունը` ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը, «Marketers Community» հիմնադրամի և «Excelist» ակումբի հետ  համատեղ,  բուհի  մարքեթինգ  մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի  ուսանողների համար  կազմակերպել է EXCEL-ի անվճար դասընթացներ, որոնք մեկնարկեցին այսօր:

5 շաբաթվա ընթացքում մեր ուսանողները կծանոթանան ծրագրի հիմնական գործառույթներին: Դասընթացներն անցկացնում է “Excelist” ակումբի հիմնադիր-տնօրեն Մայիս Մարգարյանը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նա նշեց, որ հատկապես տնտեսագետների համար EXCEL-ի  իմացությունը կարևոր է, ավելին՝ պարտադիր:

«Մեր նախաձեռնության շրջանակներում կանցկացվի 5 դաս, որի ընթացքում ուսանողները կլրացնեն իրենց գիտելիքները, կծանոթանան EXCEL-ի հնարավորություններին ու ամենաանհրաժեշտ ֆունկցիաներին: Կանդրադառնանք այն հնարավորություններն, որոնք հեշտացնում են ծրագրով հաշվարկներ կատարելը»,-ասաց Մայիս Մարգարյանը:

Սկսելով դասը՝ բանախոսը նշեց, որ EXCEL-ն ունի ավելի քան 500 գործառույթ, սակայն դրանցից հիմնականում կիրառվում են ամենաանհրաժեշտները, որոնց մասին կխոսվի դասընթացների ընթացքում: Ուսանողների համար ուշագրավ էր հատկապես հաշվարկների կատարման առանձնահատկություններին ծանոթանալը:

Մեզ հետ զրույցում կարիերայի և մարքեթինգի կենտրոնի գլխավոր մասնագետ Գրիշա Ամիրխանյանն ասաց, որ սա հերթական նախաձեռնությունն է, որը նպատակ ունի բարձրացնելու ուսանողների  մասնագիտական գիտելիքները, այսօրինակ միջոցառումները առանձնակի են կարևորվում և  շարունակական են:

Նշենք, որ մասնակցության համար նախապես դիմել են մեծաթիվ ուսանողներ, որոնցից ընտրվել են 40-ը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին