Արտալսարանային դասաժամ՝ ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում

Դիտումների քանակ՝ 1602

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը, որի գործունեությունը նպատակաուղղված է հանրային իրազեկվածության բարձրացմանը, այս տարի միացել է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:  Այդ շրջանակում ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանի նախաձեռնությամբ այսօր մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսն այցելեց ՀՀ կենտրոնական բանկ։ Մեզ հետ զրույցում ամբիոնի վարիչը նշեց. «Նմանօրինակ արտալսարանային միջոցառումները էապես կարող են նպաստել ոչ միայն գործնական գիտելիքի ձեռք բերմանը, այլև լուրջ դաստիարակչական նշանակություն ունենալ ուսանողների համար: Բացի դրանից, դրանք ավելի հետաքրքիր ու բազմազան են դարձնում ուսանողի առօրյան»:

Մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի ղեկավարությամբ մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվեցին ԿԲ այցելուների կենտրոնում, որտեղ ծանոթացան Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ սկսած հին ժամանակների առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, ինչպես նաև ուշագրավ տեղեկություն ստացան դրամի պաշտպանական հատկանիշների վերաբերյալ։ Ուսանողները տպավորված էին ԿԲ այցելուների կենտրոնում ներկայացված ցուցադրությունից։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին