Ներկայացվեցին ESPAQ ծրագրի նպատակները, աշխատանքային ուղղությունները. իրազեկող սեմինար ՀՊՏՀ-ում
Այսօր մեր համալսարանում համախմբվել էին ԵՄ ՏԵՄՊՈՒՍ-ի «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ) ծրագրի մասնակիցները, հայաստանյան բուհերի ուսանողներ, կարիերայի կենտրոնների ներկայացուցիչներ, գործատուներ. իրազեկող սեմինարում ներկայացվեցին ESPAQ-ի հիմնական նպատակները, աշխատանքային ուղղությունները, առանցքային շեշտադրումները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը՝ կարևորելով բարձրագույն կրթության որակի կառավարման համար, այսպես ասած, ժողովրդավարական մեթոդների մշակումը: Որակի ապահովման բաժնի պետը կարևորեց ծրագրի բոլոր մասնակիցների աշխատանքը, որի հանրագումարում պետք է մշակվեն համապատասխան մեխանիզմները:
Հաջորդիվ ելույթ ունեցավ «Էրասմուս+» հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: «Մենք ուրախ ենք այս ծրագրին մասնակցելու համար: ESPAQ-ը ուսանողների հետ է, ուսանողների համար է»,-ընդգծեց նա և նշեց, որ ծրագրի նպատակներից մեկն է ուսանողի ձայնը և կարծիքը լսելի դարձնելը:
Լանա Կառլովան ներկաների ուշադրությանը ներկայացրեց վիճակագրություն, որը ցույց է տալիս հայաստանյան բուհերի ներգրավվածությունը ԵՄ ՏԵՄՊՈՒՍ-ի կրթական ծրագրերում. Հայաստանն անդամակցում է ավելի քան 2 տասնյակ ծրագրի: Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց «Էրասմուս +» փոխանակային ծրագրին:
Սեմինարը շարունակվեց ըստ աշխատանքային օրակարգի, հետագա ելույթներում քննարկվում էին կրթության որակի բարելավմանն ուղղված, ուսանողների ներգրավվածության շրջանակն ու արդյունավետությունն ապահովելու, ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր:
Ներսես Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրթության որակի ապահովումն ու վերահսկողությունը բազմաշերտ և շարունակական գործընթաց է, ուստի կարևոր է ուսանողների անմիջական մասնակցությունը, նրանց առաջարկությունները նկատի առնելը: Կրթության որակի առանցքում դրվում են կրթական միջավայրի, դասախոսների մասնագիտական որակների և առարկայական ծրագրերի արդիականացման և այլ հարցեր: Նրա խոսքով՝ ՀՊՏՀ-ում ձևավորվել է ուսանող-փորձագետների խումբ, որտեղից կընտրվեն և արտերկրում կվերապատրաստվեն ուսանողներ:
ESPAQ-ի գերնպատակն է հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում ուժեղացել որակի ապահովման գործընթացներն ու դրանց վերաբերյալ փորձառությունը՝ խրախուսելով բոլոր շահագրգիռ կողմերին, հատկապես ուսանողների ներգրավվածությունը (որպես հիմնական շահառու) որակի ապահովման գործընթացներում:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում մայիսի 17-ին, 18-ին և 19-ին ESPAQ ծրագրի շրջանակում հանդիպումներ էին, որոնց ընթացքում հստակեցվել են գործընկերների լիազորությունները, առաջիկա անելիքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին