ՀՊՏՀ-ն արդեն ունի ավարտական հագուստ` համալսարանի բրենդային գույներով. առաջինն այն կրեցին մարքեթոլոգները
Մեր համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ բուհն արդեն ունի բրենդային գույներով ավարտական հագուստ: ՀՊՏՀ շրջանավարտները հագուստները կարող են ձեռք բերել կարիերայի և մարքեթինգի կենտրոնից՝ անվճար: Առաջին անգամ հագուստները կրեցին մարքեթինգային հետազոտություններ մասնագիտացման շրջանավարտները, ովքեր այսօր մագիստրոսական թեզեր են պաշտպանել: Ուսանողների խանդավառությունը կրկնակի էր. հաջողությամբ պաշտպանել էին մագիստրոսական թեզերը, որից հետո դարձել էին հագուստի առաջին կրողները: Նորարարությունը հետաքրքրել էր ոչ միայն շրջանավարտներին, այլև տարբեր կուրսերի ուսանողներին, բակում տրամադրությունը տոնական էր:
Մեզ հետ զրույցում կարիերայի և մարքեթինգի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գևորգյանն ասաց, որ եթե նախկինում ուսանողները ստիպված էին ավարտական հագուստներ վարձակալել դրսից, ապա այժմ կարող են անվճար ձեռք բերել հենց համալսարանից՝ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: «Հագուստները կարվել են մեր համալսարանի բրենդային գույներով՝ կարմիր և սպիտակ: Ավարտական հագուստի տեսքը լրացնում են ՀՊՏՀ մակագրությամբ շարֆերը: Հագուստները տրամադրվում են բոլոր շրջանավարտներին՝ հետ վերադարձնելու պայմանով»,-ասաց Վլադիմիր Գևորգյանը: Շրջանավարտ Մանե Զաքարյանը մեզ ասաց, որ հաճելի է կրել հենց բուհի բրենդային ավարտական հագուստը: Ուսանողուհին մագիստրոսական թեզը փայլուն պաշտպանել էր և արժանացել գերազանց գնահատականի: Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին:
Օրվա գեղեցիկ ակնթարթները՝ լուսանկարներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին