Միջազգային թրեյնինգի շաբաթ Լեհաստանում
«Էրասմուս+» ծրագրի շրջանակում, մայիսի 9-ից 13-ը Լեհաստանի Բիալիստոկ քաղաքի Տեխնոլոգիայի համալսարանում անցկացվել է միջազգային թրեյնինգի շաբաթ, որին մասնակցել են Ալժիրի, Բրազիլիայի, Բելառուսի, Չինաստանի, Թունիսի, Մալայզիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սերբիայի, Մոլդովայի, Մարոկկոյի, Խորվաթիայի, Ղազախստանի, Վրաստանի, Հայաստանի համալսարանների 40-ից ավելի ներկայացուցիչներ:
Մեր համալսարանից միջոցառմանը մասնակցել են ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Մարիա Սահակյանը: Գ. Վարդանյանը ներկայացրել է մեր համալսարանը, իսկ Մ. Սահակյանը համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանողների համար հանդես է եկել դասախոսություններով:
Միջազգային շաբաթի ընթացքում մասնակցիներն այցելել են համալսարանի ֆակուլտետներ, հանդիպումներ են ունեցել դասախոսների, ուսանողների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա է գտնվել համալսարանի զարգացման և համագործակցության գծով պրոռեկտոր, դոկտոր Ռոման Կաչինսկին, իսկ շաբաթվա ավարտին ընդունելություն է կազմակերպվել ռեկտոր, դոկտոր Լեխ Դզիենիսի մոտ, ով կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ փորձի փոխանակման և միջմշակութային շփումների զարգացման համար:
Միջազգային շաբաթի մասնակիցներն այցելել են նաև Պոդլիզայի տարածաշրջան, ծանոթացել տարածաշրջանի բազմամշակութային կողմերին: Կազմակերպվել է լեհական ազգագրական երեկո, մշակությային և լեզվական աշխատաժողով, հանդիպում «Էրասմուս+» ծրագրով Բիալիստոկի համալսարանում սովորող ուսանողների հետ:
ՀՊՏՀ պրոռեկտորը զրուցել է Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում սովորող ՀՊՏՀ բիզնեսի կազմակերպում մասնագիտության մագիստրանտ Զոհրապ Մազմանյանի հետ, հետաքրքրվել, թե որքանով է ակադեմիական փոխանակման ծրագիրը նպաստում ուսումնական ու մասնագիտական նոր ձեռքբերումներին: Զ. Մազմանյանը հայտնել է իր գոհունակությունն ինչպես կրթական ծրագրի և դասավանդման մեթոդների, այնպես էլ միջմշակությանի շփումների օգտակարության վերաբերյալ:
Միջազգային թրեյնինգի շաբաթվա ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի և Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Լեխ Դզիենիսի հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ:
Լեհաստան կատարած այցի շրջանակում պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հանդիպել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Էդգար Ղազարյանի հետ, մասնակցել Վարշավայում դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված Լեհաստանի հայերի առաջին համաժողովին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին