Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնած միջբուհական գիտաժողովի բոլոր մրցանակակիրները ՀՊՏՀ-ականներ են

Դիտումների քանակ՝ 1426

Երեկ կայացել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով  ուսանողական գիտաժողովը, որին մասնակցել են 10 ուսանողներ՝ ՀՊՏՀ-ից և ԵՊՀ-ից: Գիտաժողովի շրջանակներում ձևավորված մրցութային հանձնաժողովի որոշմամբ  հաղթող են ճանաչվել 3 զեկուցումների հեղինակներ. ուրախությամբ ենք տեղեկացնում, որ բոլոր հաղթողները ՀՊՏՀ ուսանողներ են: Նրանք արժանացել են դրամական պարգևների:

1-ին մրցանակային տեղը զբաղեցրել է  3-րդ կուրսի ուսանող Նարեկ Կարապետյանը (150.000 ՀՀ դրամ), 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Իսայանը (100.000 ՀՀ դրամ) և 4-րդ կուրսեցի Մայա Առուստամյանը (50.000 ՀՀ դրամ): Հետաքրքիր զեկուցման համար խրախուսական մրցանակի է արժանացել   ՀՊՏՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Տիգրանուհի Աղաջանյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որպես 1-ին մրցանակակիր,  զրույցի է հրավիրել Նարեկ Կարապետյանին, ով սովորում է մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությամբ:

Մեր ուսանողը գիտաժողովում ներկայացել է «Կառուցելով բաց տնտեսություն. կապիտալի շուկան որպես ուղի և արդյունք» թեմայով հետազոտական աշխատանքով:

«Մրցույթի խորագիրը շատ հետաքրքիր էր, և ես սիրով մասնակցեցի՝ ներկայացնելով իմ հետազոտությունը: Աշխատանքում վերլուծել եմ Հայաստանի կապիտալի շուկայի հեռանկարները, զարգացման ներուժը, պետական քաղաքականության հիմնահարցերը, հանդես եմ եկել գործնական առաջարկություններով: Ներկայացրել եմ իմ մտորումները, տեսակետները»,-ասաց Նարեկն ու հավելեց, որ գիտահետազոտական աշխատանք կատարելու  փորձ է ձեռք բերել համալսարանի ուսանողական գիտական ընկերությունից, որին ակտիվորեն անդամակցում է: Ի դեպ, Նարեկը նշեց, որ այս տարի ևս մասնակցել է ՀՊՏՀ ՈւԳԸ ֆակուլտետային նստաշրջանին և անցել է հաջորդ փուլ:

Նարեկը գերազանց առաջադիմություն ունի, սովորում է անվճար համակարգում: Նպատակ ունի ՀՊՏՀ-ում ստանալ նաև մագիստրոսի աստիճան: Համոզված է, որ լավ տնտեսագետ դառնալու համար առաջնային են որակյալ կրթությունը, լավ սովորելը, զարգանալու մղումը, ինքնադրսևորվելու ունակությունը: Նարեկը մասնագիտական ապագան տեսնում է ֆինանսական ոլորտում:

Մեր մրցանակակրի խոսքով՝ նմանատիպ մրցույթներին, գիտաժողովներին մասնակցությունը լրացնում են մասնագիտական գիտելիքները, զարգացնում հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ստեղծում միջբուհական շփումներ և այլն:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և հպարտանում, որ նրանք պատվով են ներկայացնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Հ.Գ. Երկրորդ լուսանկարը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին