Մշակել որակի ապահովման արդյունավետ մոդելներ. քննարկումներ ՀՊՏՀ-ում
Մեր համալսարանում շարունակվում են ԵՄ ՏԵՄՊՈՒՍ-ի «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ - Enhancing Students Participation in Quality Assurance in Armenian HE) ծրագրի շրջանակներում երեկ մեկնարկած քննարկումները: Աշխատանքային 2-րդ օրվա ընթացքում քննարկումների առանցքում են ծրագրի մասնակից գործընկերների լիազորությունների, անելիքների հստակեցման հարցերը, նրանց գործունեության հիմնական շրջանակները:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հրատարակել ձեռնարկ, որտեղ արտացոլված կլինեն գործընկերների կողմից մշակված՝ որակի ապահովման գործընթացներում ուսանողներին ներգրավելու արդյունավետության բարձրացման մեխանիզմները:
Ներսես Գևորգյանը հավելեց, որ ծրագրի շրջանակներում հայաստանյան ներկայացուցիչները վերապատրաստումներ կանցնեն արտերկրում:
ESPAQ ծրագրի հիմնական նպատակն է հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում ուժեղացել որակի ապահովման գործընթացներն ու դրանց վերաբերյալ փորձառությունը՝ խրախուսելով բոլոր շահագրգիռ կողմերին և հատկապես ուսանողների ներգրավվածությունը (որպես հիմնական շահառու) որակի ապահովման գործընթացներում:
Եռօրյա հանդիպումները կամփոփվեն վաղը՝ իրազեկող սեմինարով, որին հրավիրված են գործատուներ, ուսանողներ, կարիերայի կենտրոնների աշխատակիցներ և այլն: Նրանց կներկայացվի ծրագրի կարևորությունը, նպատակները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին