«Տնտեսագետի» գարնանային համարը լույս է ընծայվել

Դիտումների քանակ՝ 1385

Մարտ-ապրիլյան «Տնտեսագետը» կրկին, ինչպես և նախորդ համարը, սկսվում է հայրենիքի պաշտպանության թեմայով, հայ ժողովրդի՝ այդ թվում մեր համալսարանի աշխատողների ու ուսանողների միասնականությանն ու համախմբվածությանն անդրադարձով: Հրապարակման մեջ պատմվում է ՀՊՏՀ երկու ուսանողի մարտական սխրանքների, համահամալսարանական աջակցության ծրագրի մասին:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման հնգամյակի ձեռքբերումները և բուհի հետագա զարգացման տեսլականն է ներկայացնում հաջորդ ընդարձակ անդրադարձը՝ «Հնգամյա զարգացման շրջափուլում. հետագա առաջընթացի նախադրյալը ստեղծված է» վերտառությամբ:

ԵՄ Տեմպուսի «Արարատ» ծրագրի ավարտն ու ամփոփումը ի հայտ բերեցին վերջնարդյունքը և սկիզբ դրեցին գործակցության նոր հուշագրի. այս մասին նույնպես ընդարձակ անդրադարձով:

Ուսանողական ուսումնագիտական գործունեությունն են լուսաբանում ուսանողական աշխատաժողովին և գիտական ընկերությանը նվիրված նյութերը: «Լսարանային հարցումը» հնարավորություն է տալիս բացահայտելու և մեկնաբանելու ուսանող-տղաների կարծիքը հասակակից աղջիկների մասին, ապա նաև ներկայացնելու այսպես ասած «փորձագիտական կարծիք»՝ հանձին ՀՊՏՀ դասախոսներ Սարգիս Հայրապետյանի և Դավիթ Հախվերդյանի:

Համալսարանական կարևորագույն իրադարձությունների շարքում առանձին հրապարակումներ կան ՀՊՏՀ երկու գիտական խորհրդի նիստերի, ՉԺՀ դեսպանի այցելության և լեհ գիտնական Կարոլ Կարսկիի դասախոսության վերաբերյալ: Վերջինս նվիրված է հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և Ցեղասպանություն եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինին:

Տնտեսական նորություններ ու նոր ցուցանիշներ են տեղ գտել դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարում»: «Անվանի տնտեսագետները» պատմում է ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ավագ սերնդի ներկայացուցիչ Ռայա Քալանթարյանի մասին:

ՀՊՏՀ երկու ուսանողի դիմանկար են Լևոն Ստեփանյանի և Ջորջինո Հաջջարի մասին պատմող նյութերը: Իսկ ուսանողուհի Արմինե Պողոսյանը «Վարքուբարք» խորագրում վեր է հանում այն կարևորագույն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի լավագույնը լինելու հավակնությամբ ուսանողը:

«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:

Դոցենտ Լիանա Հակոբյանը անդրադառնում է զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի առավելություններին:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո դոցենտ Սոֆյա Օհանյանը ներկայացնում է համաշխարհային գեղանկարչության մեջ ավետարանական Խորհրդավոր ընթրիքի պատկերումները:

«Տնտեսագետի» նոր համարի առանցքային թեմաների մասին այսքանը, ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:

Ամսագրի էլեկտրոնային տարբերակին ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ծանոթացեք հետևյալ հղումով:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին