ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով
Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ուսանողների և երիտասարդների օրվա առիթով ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի´ ուսանողներ և երիտասարդներ,
Այսօր մեր երկրում առաջին անգամ պետականորեն նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը լրացվեց՝ մայիսի 16-ը հռչակելով Ուսանողների և երիտասարդների օր: Այս օրվա հիմքում 1919 թվականի մայիսի 16-ին Երևանի պետական մայր համալսարանի հիմնադրման օրն է:
Երիտասարդությունը մարդու ուժերի բացահայտման ու կայացման տարիքն է, «ծաղիկ հասակը», երբ կյանքն է եռում երակներում, ստեղծագործ ոգին է առաջնորդում դեպի ինքնակատարելագործում, բարենորոգում ու առաջընթացի կերտում: Այո, հասարակությունն իր ստեղծարար ու առաջադեմ բոլոր նախաձեռնություններում հենվում է հենց երիտասարդության ներուժի վրա ու երբեք չի սխալվում:
Եվ չի սխալվում անգամ օրհասական պահերին, երբ նժարին է դրվում երկրի անվտանգությունը և ապահովությունը: Դրա վառ վկայությունն են մեր նորօրյա հերոսների խիզախությունը, մեր հայրենյաց սահմաններն անառիկ պահող, իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերող երիտասարդ հայորդիների սխրանքները:
Հայ երիտասարդը, ուսանողը մեր օրերում իր ուսերին է կրում բարձր առաքելություն՝ լինել իր ժողովրդի արժանավոր զավակը՝ որպես քաղաքացի, պրոֆեսիոնալ, հայրենյաց պաշտպան:
Հավաստիացնում եմ՝ ավագ սերունդը հիանում, հպարտանում ու հավատում է ձեզ, մեր հրաշալի երիտասարդներ, մեր համալսարանի սիրելի ուսանողներ: Մենք վստահ ենք, որ մեր հայրենիքի ապագան հուսալի ձեռքերում է:
Մաղթում եմ ձեզ առողջություն, եռանդ ու լավատեսություն, ուսումնական հաջողություններ՝ խանդավառ ոգով ու ստեղծագործ աշխատանքով շենացնելու մեր հայրենիքը:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ