Մեր ուսանողը՝ լավագույն զինվոր. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հերթական շնորհակալական նամակն է ստացել զորամասից

Դիտումների քանակ՝ 1873

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհակալական նամակ է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունից: Նամակում նշված է, որ ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող կրտսեր սերժանտ Կորյուն Նորայրի Մուրադյանը, ծառայելով ՀՀ զինված ուժերում, իրեն դրսևորել է որպես կարգապահ և բարեխիղճ զինծառայող, բազմիցս արժանացել է հրամանատարության խրախուսանքին, գովասանքներին և 2015թ. արդյունքներով ճանաչվել է զորամասի լավագույն զինծառայող:

Հրամանատարությունը հայտնում է, որ մեր ուսանողը խորամուխ է լինում համածառայակիցների կարգապահության ամրապնդման և մշակութաժամանցային միջոցառումների ակտիվ կազմակերպման գործում, հարգված է զորամասի ողջ անձնակազմի կողմից: Այս կապակցությամբ զորամասի հրամկազմը շնորհակալություն է հայտնում ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ հայրենասեր, օրինակելի, արժանի քաղաքացի դաստիարակելու համար:

Ռազմահայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բարձր հիմքերի վրա է դրված: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների այցերը մեր համալսարան, բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ուսանողների հաճախակի այցերը զորամասեր դարձել են մեր համալսարանական առօրյայի բաղկացուցիչ մասը: Բոլոր նախաձեռնությունները, միջոցառումները ստանում են համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությունը: Մեր համալսարանական առօրյայի մաս են դարձել նաև նման արձագանքները, երբ ռեկտորը բազում շնորհակալական նամակներ է ստանում զորամասերից և բոլորը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակում է՝ որպես հրաշալի օրինակներ, որպես խրախուսում:

«Ես բազմիցս եմ շեշտադրել մեր մոտեցումը՝ համալսարանում ոչ միայն բարձրագույն կրթական ծառայություն են մատուցում, այլև կրթում, դաստիարակում են երկրի վաղվա քաղաքացուն, ինչի համար մենք բոլորս ենք պատասխանատվություն կրում:

Ես ուրախ եմ, որ համալսարանական միջավայրը, մենք  կարողանում ենք մեր երիտասարդների մեջ կոփել, ամրացնել այն բոլոր դրական հատկանիշները, որոնք նրանք ստացել են իրենց ընտանիքում: Իսկ այս շնորհակալական նամակները, որ իմ փոստարկղում դարձել են ամենասպասվածներից, մեզ ուրախանալու և հպարտանալու առիթներ են ընձեռում: Ապրիլյան հերոսական օրերը ևս մեկ անգամ հավաստեցին, որ մեր սահմանները պաշտպանում են կամային բարձր որակներով, խիզախ և հայրենասեր զինվորներ»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ-ն հպարտանում է իր ուսանողներով, ովքեր ժամկետային ծառայության ընթացքում աչքի են ընկնում կարգապահությամբ, հայրենասիրությամբ, խիզախությամբ:

Բոլորին մաղթում ենք խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին