ՀՊՏՀ-ականները՝ ձյուդոյի միջբուհական առաջնության մրցանակակիրներ (թարմացված)

Դիտումների քանակ՝ 1484

ՀՀ բուհերի ուսանողների 17-րդ մարզական խաղերի շրջանակում օրերս  կայացել է ձյուդոյի առաջնությունը։ Վեց քաշային կարգերում մրցել են 10 բուհերի  50 ուսանողներ:

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի  ուսանող Հարություն Աբրահամյանը 90 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանող Անդրանիկ Մարգարյանը 60 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մեր բուհից ձյուդո մարզաձևի պատասխանատու,  ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարություն Աբրահամյանը,  4 մենամարտից հետո, եզրափակչում հանդիպել է ԵՊՀ ներկայացուցչի հետ, ով բավականին ուժեղ մրցակից էր: Հարությունը տարել է «իպոն» (բացարձակ) հաղթանակ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում չեմպիոն Հարություն Աբրահամյանը (շագանակագույն գոտի, 1Q) ասաց, որ 2002 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ ձյուդոյով, օրական 2-3 ժամ է հատկացնում սիրելի սպորտաձևին: Նախորդ տարի Հայաստանի ձյուդոյի առաջնությանը Հարությունը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը, 2014թ. հանրապետական ուսանողական խաղերի ձյուդոյի առաջնությունում ևս զբաղեցրել է 2-րդ տեղը:

«Ինձ համար մեծ պատիվ էր որպես ՀՊՏՀ ուսանող հանդես գալը: Քանի որ այս տարի ավարտում եմ համալսարանը, այլևս հնարավորություն չեմ ունենալու որպես ուսանող ներկայանալու, ամեն ինչ արեցի առաջին հորիզոնականը նվաճելու և բուհիս անունը բարձր պահելու համար»,-նշեց Հարությունը: Մեր ուսանողն առաջիկայում պաշտպանելու է «Օտարերկրյա մասնակցությամբ ձեռնարկությունների կառավարման առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով ավարտական (դիպլոմային) աշխատանք: Հարությունը նշեց, որ թեպետ իր ապագան տեսնում է սպորտում, այնուամենայնիվ, կարևորում է բարձրագույն կրթությունը, որն օգնում է բազմակողմանի զարգանալու:Մեր մարզիկի երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն ու հաղթելն է: Հարություն Աբրահամյանը վաղը մեկնելու է Օրենբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը,  ներկայացնելու է մեր երկիրը և տրամադրված է հաղթանակի:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին