Հայտագրվեց ՀՊՏՀ առաջին դիմորդը. մեկնարկել է ընդունելության գործընթացը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեց 2016-2017 ուստարվա ընդունելության գործընթացը: Արդեն հայտագրվել է առաջին դիմորդը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր գտնվել է ընդունող հանձնաժողովում, հետևել մեկնարկային իրարանցմանը, արձանագրել ակնթարթներ:
Մեր առաջին դիմորդը Հայկուհի Մանուկյանն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքից: Ընդունելության գործընթացի սկսվելուն պես նա շտապել է ՀՊՏՀ՝ լրացնելու դիմում-հայտը: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը դիմորդին մանրամասն բացատրում էր հայտը ճիշտ լրացնելու կանոնները, պատասխանում նրա հարցերին:
ՀՊՏՀ-ում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. ամեն տարի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը մեր առաջին դիմորդին մասնագիտական գիրք է նվիրում, այս տարի այդ նվերի հասցեատերը Հայկուհին էր: Մեզ հետ զրույցում դիմորդն ասաց, որ առաջին հայտով դիմել է ֆինանսական ֆակուլտետ, սիրում է ֆինանսներ մասնագիտությունը և վճռականորեն է տրամադրված. նա վստահ ասաց, որ ջանք ու եռանդ չի խնայի բարձր գնահատականներ ստանալու և անվճար ընդունվելու համար:
«Ընտրել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որովհետև կարծում եմ, որ այն հայաստանյան լավագույն բուհերից է, շատ եմ լսել ՀՊՏՀ-ի մասին, քույրս էլ է այստեղ սովորում, այժմ արդեն ես եմ ՀՊՏՀ ուսանողը դառնալու ճանապարհին»,-նշեց Հայկուհի Մանուկյանը:
Դիմորդի մայրն ասաց, որ Հայկուհին ինքնուրույն է որոշում կայացրել համալսարանի և մասնագիտության ընտրության հարցում, մայրիկի փոխանցմամբ՝ «Մաթեմատիկան» դստեր սիրելի առարկան է, ֆինանսիստի մասնագիտությունը հատուկ և սիրով է ընտրված:
Դիմորդների մուտքը Տնտեսագիտական համալսարան սկսված է: Բոլորին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին