Վահրամ Բաղդասարյանը տպավորված է ՀՊՏՀ շրջանավարտների պատրաստվածությամբ. ռեկտոր Կորյուն Աթոյանն այցելեց ավարտական քննասենյակներ

Դիտումների քանակ՝ 1987

ՀՊՏՀ-ում ընթանում են 2015-2016 ուստարվա առկա բակալավրիատի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները: Համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր այցելեց ավարտական աշխատանքները պաշտպանող ուսանողներին, հանդիպեց ատեստավորման հանձնաժողովների նախագահներին և անդամներին, ներկա գտնվեց նրանց ավարտական աշխատանքների պաշտպանությանը: Մակրոտնտեսական քաղաքականություն և վերլուծություն մասնագիտության ուսանողներից ռեկտորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գոհ են ՀՊՏՀ ղեկավարության որոշումից, ըստ որի՝ շրջանավարտները միայն ավարտական աշխատանքներ են ներկայացնում: Ուսանողները դրական արձագանքեցին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներից մի քանիսի հետ՝ հետաքրքրվելով նրանց տպավորություններով: Մակրոտնտեսական քաղաքականություն և վերլուծություն մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանը բարձր տպավորություն է ստացել մեր ուսանողների ավարտական աշխատանքներից: Թեև այս տարին առաջին անգամը չէ, որ նա մեր համալսարանում հանձնաժողով է ղեկավարում, սակայն տարեցտարի նկատում է դինամիկ զարգացում: «Բոլոր տարիներին էլ դրական տպավորություն եմ ստացել  շրջանավարտներից, բայց եթե նախորդ տարիներին հանդիպում էին ծայրահեղ լավ պատրաստված և ծայրահեղ վատ պատրաստված ուսանողներ, հիմա արդեն առավելաբար շատ են բարձր մակարդակի գիտելիքներով ուսանողները: Ունենք փայլուն երիտասարդներ, փայլուն ուսանողներ»,- մեզ հետ զրույցում ուրախությամբ փաստեց հանձնաժողովի նախագահը:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նախորդ տարիներին պաշտպանությունների ժամանակ աչքի ընկած լավագույն ուսանողների մասին կարճ ժամանակ անց լսել է, որ ուսումը շարունակել են մագիստրատուրայում և լավ աշխատանք են գտել: «Սա նշանակում է, որ համալսարանը որակյալ շրջանավարտներ է տալիս: Այս տարի ևս տպավորված եմ, շուրջ 80-90 տոկոսը պատրաստ են ուսումը շարունակելու մագիստրատուրայում կամ մասնագիտությամբ աշխատելու ենթակա կադրեր են: Սա խոսում է համալսարանի ընդհանուր զարգացման մասին, համալսարանի նկատմամբ ուսանողների կողմից առկա հավատի և վստահության մասին»,- նշեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ ուրախալի է նաև փաստը, որ ուսանողները հանդես են գալիս համարձակ առաջարկություններով:

Զբոսաշրջության կառավարում մասնագիտության ամփոփիչ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ հիմնականում մեծ գիտելիքներով ուսանողներ են: Ինչ վերաբերում է ներկայացված ավարտական աշխատանքների որակին, հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ դրանցում միակ նկատելի խնդիրը տվյալ կազմակերպությունների կողմից ուսանողներին տրամադրվող տեղեկատվությունն է:

«Զգացվում է, որ այն կազմակերպությունները, որտեղ պրակտիկա են անցել ուսանողները, տվել են հիմնականում չափավոր տեղեկատվություն: Միգուցե սա նաև օբյեկտիվ պատճառ ունի, քանի որ լավ վերլուծող, հետազոտող ուսանողը հեշտությամբ կարող է բացահայտել այդ կազմակերպությունների համար ոչ այնքան ցանկալի տեղեկատվությունը: Բայց կոնկրետ այսօրվա աշխատանքների թեմաները և՛ արդիական էին, և չափազանց ինքնուրույն կատարված աշխատանքներ էին, ինչը շատ գովելի է: Յուրաքանչյուր ընկերություն ուրախ կլիներ նման հետազոտություններ և նման աշխատակիցներ ունենալու համար»,- ասաց Դավիթ Գևորգյանը:

Աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, «Արարատ» բանկի կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտի պետ, բանկի վարչության անդամ Սուրեն Կարապետյանը նույնպես տպավորված էր այսօր ներկայացված աշխատանքներով: «Ուսանողների ավարտական աշխատանքների թեմաներն արդիական էին, ու նաև՝ ակնհայտ էր, որ դրանք իրական աշխատանքի, իրական հետազոտության արդյունք էին: Այսինքն՝ ուսանողները գնացել էին պրակտիկայի, անձամբ առնչվել տվյալ կազմակերպությանը և դրա հիման վրա կատարել հետազոտությունը: Կային և՛ բարձր, և՛ միջին գնահատականներ, բայց առավելաբար բարձր մակարդակի աշխատանքներ էին»,- նշեց հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով՝ գովելի էր, որ աշխատանքներում գերակշռում էր պրակտիկ մասը և շատ էին կոնկրետ օրինակները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին