ՀՊՏՀ-ն սկսեց հյուրընկալել «Էրասմուս +» ծրագրի գործընկեր համալսարանների դասախոսներին. դասախոսությունները մեկնարկեցին

Դիտումների քանակ՝ 1345

Վառնայի տնտեսագիտական համալսարանի երկու դասախոսների՝ Եվգենյա Տոնկովայի և Դանչո Պետրովի ընդունելությամբ, ՀՊՏՀ-ն այսօր սկսեց հյուրընկալել «Էրասմուս +» ծրագրի գործընկեր համալսարանների դասախոսներին:

Բուլղարիայից ժամանած դասախոսներին նախ հյուրընկալեց համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Հանդիպմանը ներկա էին արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, բաժնի աշխատակիցները, ինչպես նաև միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը, ով այս շաբաթ նույն այս փոխանակման ծրագրով, փոխադարձ այցով, դասախոսելու նպատակով հյուրընկալվելու է Վառնայի համալսարանում:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց մեր համալսարանի ստեղծման պատմությունը, ներկա գործունեությունը, ուսանողների և դասախոսների քանակը, մեր համալսարանում գիտության զարգացման ներկա վիճակը, ներդրումները, շեշտադրեց գիտաուսումնական խմբերի գործունեությունն ու «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը: Անդրադառնալով  «Էրասմուս +» փոխանակման ծրագրի հնարավորություններին՝ Գագիկ Վարդանյանը կարևորեց այն՝ շեշտելով, որ նման ծրագրերը ոչ միայն գիտելիքների ու փորձի փոխանակման, այլև միջմշակութային հաղորդակցության հրաշալի հնարավորություն են:

Այնուհետև դասախոսներն ուղևորվեցին լսարաններ՝ սկսելու նախատեսված դասախոսությունները:   Եվգենյա Տոնկովան հանդես եկավ «Նորամուծությունների մարքեթինգ», իսկ Դանչո Պետրովը՝ «Կորպորատիվ ֆինանսներ» թեմաներով բանախոսություններով: Հյուրերը տեսապատկերներով ներկայացրեցին պատրաստված նյութը, նաև՝ իրենց համալսարանն ու գործունեությունը:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալելու է Վառնայի տնտեսագիտական համալսարանի երկու, Ռումինիայի Ստեֆան սել Մարե Սուչեավայի համալսարանի և Հունգարիայի Միսկոլիչի համալսարանի մեկական դասախոսների: Յուրաքանչյուր դասախոս անց է կացնելու 8 ակադեմիական ժամ դասախոսություն: Բոլոր դասախոսությունները անցկացվելու են անգլերեն: Արտաքին կապերի բաժնից ավելի վաղ տրամադրված տեղեկատվությանը և օրակարգերին ծանոթացեք հետևյալ հղումով՝ goo.gl/z3Xsye:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին