Ամփոփվեց «Ուսանողական գարուն-2016» փառատոնը, հաղթողը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է

Դիտումների քանակ՝ 1368

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Ուսանողական գարուն-2016» մրցույթ-փառատոնն ամփոփվեց այսօր՝ վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղերով ու փակման հանդիսավոր արարողությամբ: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, ֆիզդաստիարակության ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ՈւԽ ներկայացուցիչներ, ուսանողներ, մարզասերներ:

Նշենք, որ այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվեցին միայն մարզական խաղեր՝ նկատի ունենալով վերջին շրջանում Արցախում տիրող լարված իրավիճակը:

2 շաբաթ տևած փառատոնի շրջանակներում անցկացվեցին առաջնություններ վոլեյբոլ, սեղանի թենիս,  շախմատ, բազկամարտ, հրաձգություն մարզաձևերից:

Հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո շքերթով դահլիճ մտան փառատոնի մասնակից բոլոր ֆակուլտետների ուսանող-մարզիկները:

Փառատոնի մասնակիցներին ուղղված խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շեշտելով, որ ավանդույթի վերածված այս փառատոնները մեր համալսարանի կյանքի անբաժանելի մասնիկն են կազմում,
դարձել են սպասված և սիրելի միջոցառումներ, որոնցում ընդգրկվում են ոչ միայն մեծ թվով ուսանողներ, այլև պրոֆեսորադասախոսական անձնակազմը: «Տեղյակ եմ, որ այս տարի փառատոնի շրջանակներում միայն մարզական խաղերի առաջնություններ են անցկացվել, և  սահմանային լարված իրավիճակով պայմանավորված մշակութային մասը բաց է թողնվել: Բոլոր մարզաձևերն էլ կարևոր են, սակայն առանձնահատուկ ցանկանում եմ նշել այս տարի անցկացված հրաձգության առաջնությունը: Սա նորություն է հայաստանյան բուհական իրականությունում և ես ուրախ եմ, որ հրաձիգներին մարզվելու նման եզակի հնարավորություն է այսօր ընձեռում մեր համալսարանը: Կյանքը ցույց է տալիս, որ այս հմտությունների զարգացումը խիստ անհրաժեշտ է մեզ»,- հայտարարեց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ փառատոնների անցկացմանն աջակցելու համար:

Այսօր կայացած վոլեյբոլի աղջիկների և տղաների առաջնությունների հաղթողներին մեդալներով պարգևատրեցին ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոսներ Սիմոն Հակոբյանը և Գագիկ Վարդանյանը: Փառատոնի մարզական խաղերի անցկացմանն աջակցելու համար ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալագրեր հանձնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի մի խումբ աշխատակիցների:

Բոլոր առաջնությունների արդյունքների հանրագումարով փառատոնի հաղթող ճանաչված և գավաթի արժանացած ֆակուլտետի անունը հնչեցրեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հայտարարելով հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի անունն ու հանձնելով գավաթը:

Փառատոնի մասնակիցներին և հաղթողներին շնորհավորեց նաև ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը, ում ելույթով և ամփոփվեց փառատոնը:

Ներկայացնում ենք «Ուսանողական գարուն-2016» մարզական խաղերի արդյունքները.

Սեղանի թենիս՝ 1-ին տեղ՝ ֆինանսական, 2-րդ՝ կառավարման, 3-րդ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:

Հրաձգություն- 1-ին տեղ՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, 2-րդ տեղ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, 3-րդ տեղ՝ ֆինանսական ֆակուլտետ:

Բազկամարտ՝ 1-ին և 2-րդ տեղեր՝ կառավարման ֆակուլտետ, 3-րդ տեղ՝ ֆինանսական ֆակուլտետ:

Շախմատ՝ 1-ին տեղ՝ ՏԿ և ՄՏՀ, 2-րդ՝ինֆորմատիկայի և վիճակագրության, 3-րդ՝ ֆինանսական ֆակուլտետներ:

Վոլեյբոլի տղաների առաջնություն ՝ 1-ին տեղ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, 2-րդ տեղ՝ ֆինանսական, 3-րդ տեղ՝  ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետներ:

Վոլեյբոլի աղջիկների առաջնություն՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, 2-րդ տեղ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, 3-րդ տեղ՝ ֆինանսական ֆակուլտետներ:

Շնորհավորում ենք փառատոնի հաղթողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին