ՀՊՏՀ ներկայացուցիչը՝ Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության անդամ
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար, մանկ.գ.թ., դոցենտ, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանն ընտրվել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության անդամ և աուդիտոր: Ի դեմս Հովհաննես Գաբրիելյանի՝ համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայում Հայաստանն ունի առաջին ներկայացուցիչը:
Նախագահության անդամների ընտրությունը կատարվել է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում, ապրիլի 7-9-ը կայացած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ասամբլեայի ընթացքում, որին ներկա են եղել Հովհաննես Գաբրիելյանը և ՀՊՏՀ ասպիրանտ, համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի ուսանողական կոմիտեի անդամ Գրիշա Ամիրխանյանը:
«ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, 2012թ. անդամագրվելով Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային, ակտիվորեն մասնակցում է եվրոպական ուսանողական միջոցառումներին, կազմակերպական աշխատանքներին. 2013թ.-ին Հայաստանում կազմակերպվել էր Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, իսկ 2015թ.՝ շախմատի Եվրոպայի առաջնությունը»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը և հավելեց, որ ապրիլի 9-15-ը Աբու Դաբիում կայացած աշխարհի համալսարանական շախմատի առաջնությունում իր ղեկավարած պատվիրակությունը հաջող է հանդես եկել, ուսանող Հովհաննես Գաբուզյանը (ՖԿՀՊԻ) անհատական պայքարում հռչակվել է չեմպիոն, իսկ Հայաստանի թիմը նվաճել է 2-րդ հորիզոնականը:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում արդյունավետ աշխատանք:
Լուսանկարը տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին