Սխրանքով աչքի ընկած ՀՊՏՀ հերթական ուսանողը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի «Աշխատանքի տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող Նարեկ Հերոսի Վարդումյանը, ով ծառայում Մատաղիսի զորամասում, Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում, ցուցաբերել է խիզախության հրաշալի մի օրինակ, ինչի հետևանքով ստացել է բեկորային վիրավորում:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այժմ բուժվող մեր ուսանող զինվորին կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանի ուղեկցությամբ երեկ այցի է գնացել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ քաջալերելու և շնորհակալական նամակ հանձնելու: «Հայրենասիրության, անձնվիրության բացառիկ օրինակներն այս շրջանում ուղեկցում են մեզ, քաջալերում, ոգեշնչում, պատճառում անզուսպ հիացմունք: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության, մասնավորապես Կառավարման ֆակուլտետի ղեկավար կազմի, կուրսընկերներիդ և անձամբ իմ անունից շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում քեզ՝ հայրենիքի անվտանգության պահպանման համար ցուցաբերած վարքի, հայոց սահմաններն անառիկ պահելու գործում ցուցաբերած սխրանքի համար: Մենք հպարտ ենք, որ մեր համալսարանի ուսանողների, մեր երիտասարդության շարքերում կան քեզ նման տղաներ»,- մասնավորապես նշել է համալսարանի ղեկավարը:
Նույն օրը ֆակուլտետի դեկանի գլխավորությամբ Նարեկ Վարդումյանին այցելել են նաև կառավարման ֆակուլտետի փոխդեկան Մերի Բադալյանը և ուսանողի կուրսընկերները: «Նարեկը մեր ֆակուլտետի 2013-2014 ուստարվա ուսանող է, 2014թ. հունիսի 23-ին զորակոչվել է բանակ»,- ուսանողի տվյալները մանրակրկիտ հիշում է ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը: Մեզ հետ զրույցում դեկանն ասաց, որ Նարեկն ուրախացել է՝ տեսնելով իրեն անակնկալ այցի գնացած համալսարանականներին: «Մեզ որ տեսավ, բավական ոգևորվեց, հանդիպումը հուզիչ էր՝ հատկապես, որ ներկա էին կուրսընկերները»,- ավելացրեց ֆակուլտետի դեկանը:
Վիրավորում ստացած մեր ուսանող-զինվորին համալսարանի կողմից ցուցաբերվել է նաև նյութական աջակցություն:
Կից կարդացեք նաև «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անդրադարձը հետևյալ հղումով` hayzinvor.am/38086.html:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին