Տնտեսական ինտեգրման հիմնահարցեր. ՀՊՏՀ-ում դասախոսեց Դանիլ Իբրաևը
Այսօր մեր համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Դանիլ Իբրաևը: Մինչ այդ հյուրին ընդունեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:
ՀՊՏՀ նիստերի սրահում «Տնտեսական ինտեգրումն աշխարհում և եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությունն ունկնդրելու էին եկել համալսարանի դեկանները, ամբիոնների վարիչները, դասախոսները, ասպիրանտները, ուսանողները, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց հյուրին և նշեց, որ Եվրասիական տնտեսական միության կազմում նոր իրողությունների, ճանապարհների ու հանգուցալուծումների մասին է դասախոսությունը, և ներկաները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Դանիլ Իբրաևը իր հիացմունքն արտահայտեց մեր արևոտ ու գեղեցիկ քաղաքում հյուրընկալվելու առիթի համար, ապա հույս հայտնեց, որ կլոր սեղանի շուրջ կձևավորվի կառուցողական երկխոսություն: Բանախոսն իր ելույթի սկզբում ընդհանուր անդրադարձ կատարեց աշխարհում գոյություն ունեցող ինտեգրացիոն խմբավորումներին, որոնք «միավորելով պետություններ ու տնտեսություններ՝ ստեղծում են տնտեսական զարգացման նպաստավոր պայմաններ»: Այնուհետև նա ներկայացրեց ԵԱՏՄ-ի՝ որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպության ստեղծման փուլերը, անդամ երկրները, գործունեության հիմնական ուղղությունները, վարչարարության սկզբունքներն ու որոշումների ընդունման մեխանիզմները: Դանիլ Իբրաևն ընդգծեց, որ միության նպատակն է տնտեսության բնագավառում համակարգված ու միասնական քաղաքականությունը, ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացումը, և բազմաթիվ հիմնախնդիրներ այսօր պայմանավորված են անդամ պետությունների տնտեսական զարգացման առանձնահատկություններով: Այս համատեքստում նախարարը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հիմնական տնտեսական պայմանները:
Նախարարը կանգ առավ էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ընդհանուր շուկաների ձևավորման, տրանսպորտային փոխադրումների, բորսայական մեխանիզմների ստեղծման հիմնահարցերի վրա:
Բանախոսին հարցեր հղեցին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ՀՊՏՀ պրոֆեսորներ Զոյա Թադևոսյանը, Աշոտ Թավադյանը, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը:
ԵԱՏՄ առջև ծառացող մարտահրավերների և հնարավոր լուծումների վերաբերյալ Դանիլ Իբրաևը տվեց սպառիչ պատասխաններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին