ՀՊՏՀ ուսանող Վահան Տեր-Բալյանի հերթական մարզական հաջողությունը
Ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, բազկամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն Վահան Տեր-Բալյանը մայիսի 26-ից հունիսի 3-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում, 19-21 տարեկանների 65-70 քաշային կարգում դարձել է արծաթե և բրոնզե մեդալակիր՝ աջ ձեռքով գրավելով 3-րդ, ձախով 2-րդ հորզոնականը:
Այսօր Վահանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հյուրն էր: Այս մրցաշրջանի արդյունքից այնքան էլ գոհ չէ, քանի որ Եվրոպայի կրկնակի չեմպիոնության համար նրան խոչընդոտել է այսպես կոչված «մարզական բախտը». ոսկե մեդալը նրան բաժին չի հասել սոսկ 3 անընդմեջ նկատողությունների պատճառով (մրցումն սկսել է սահմանված ժամկետից մի քանի վայրկյան առաջ): Առաջնության ողջ ընթացքում Վահանը հաղթել է չեմպիոնության բոլոր հավակնորդներին՝ ռուս, սլովակ, թուրք, հունգարացի, ադրբեջանցի մարզիկներին:
Այնուհանդերձ, առիթն ուրախալի է, և մենք, շնորհավորելով մեր ուսանող-մարզիկին, մաղթում ենք նրան մարզական մեծ կամք, իր սահմանած բարձր նշաձողի հաղթահարում, նոր փայլուն հաղթանակներ:
Առաջիկայում Վահանը կմասնակցի Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին