ՀՊՏՀ հետազոտողը ՌԴ-ում մասնակցել է մեկամսյա գիտակրթական ծրագրի

Դիտումների քանակ՝ 2379

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ‹‹Տնտեսագիտության բարձրագույն դպրոց›› ազգային հետազոտական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «ԵԱՏՄ զարգացման ժամանակակից հարացույցի մշակում՝ գլոբալ մարտահրավերների համատեքստում» նախագծի շրջանակում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՌԴ-ում մասնակցել է գիտակրթական ծրագրի: Նշենք, որ ՀՊՏՀ-ն ներգրավված է այս նախագծում, մեր բուհում ծրագրի համակարգողը միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնն է: Մասնավորապես, ԵԱՏՄ 5 անդամ-երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) երիտասարդ գիտնականներն ու հետազոտողները 1 ամսում խորը վերլուծություն են կատարել և պատրաստել «ԵԱՏՄ տեսլականը գիտակրթական հանրույթի աչքերով» ծավալուն զեկուցումը՝ կառույցի տեսլականի, ինտեգրացիոն հարաբերությունների խորացման վերաբերյալ ու ներկայացրել առաջարկություններ: Հայաստանից եղել է 2 պատվիրակ:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Աստղիկ Հովհաննիսյանը՝ իրենց մշակած զեկույցում դիտարկվել են անդամ-երկրների տնտեսության բոլոր ճյուղերը, հաշվի են առնվել երկրների տնտեսական առաջնահերթություններն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Առաջարկություններ են մշակվել 2019-2025թթ. և 2025-2045թթ. համար: Ծրագրի մասնակիցներն ամեն օր ունկնդրել են ԵԱՏՄ պաշտոնատար անձանց զեկույցները, որոնցում արտացոլված են եղել կառույցի գործունեությունը, դրա արդյունքը, անելիքներն ու զարգացման հեռանկարները:
«Հիշարժան էր հատկապես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը, որի ընթացքում ոչ միայն ունկնդրել ենք ԵԱՏՄ գործունեության շուրջ նրա ելույթը, այլև հարցեր ուղղել ու ներկայացրել մեր դիտարկումները»,-ասաց ՀՊՏՀ հետազոտողը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդունել է զեկուցման նախնական տարբերակը և հետազոտողներին հանձնարարել առաջիկայում ներկայացնել լրամշակված տարբերակը:
Ծրագրի ավարտին վերլուծական զեկույցի երիտասարդ համահեղինակները ստացել են հավաստագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին