Առցանց կրթություն. ընտանիքը նույնպես հետևում է դասապրոցեսին

Դիտումների քանակ՝ 2229

Առցանց կրթություն: Մտահղացումը, ի սկզբանե, գուցե անիրագործելի և քիչ գրավիչ էր թվում, բայց մենք հասցրեցինք փորձարկել այն: Առցանց կրթությունը, իբրև թարմ իրողություն, շատերին ոգեշնչեց ու ստեղծագործելու նախադեպը չունեցող թեմա դարձավ: Նոր երևույթ, նոր զգացողություններ ու ինքնատիպ իրավիճակներ, որոնք դրվագ առ դրվագ արժանի են արձանագրման. հետո պիտի հիշենք ու մեր կենսափորձով հպարտանանք, կարդանք ու մի կուշտ ծիծաղենք այս օրերին անխուսափելի դարձած տեխնիկական «ձախորդությունների» վրա: asue.am-ը ՀՊՏՀ ստեղծագործող ուսանողներին համախմբել է «Ուսանողի օրագիր» խորագրի ներքո, որտեղ մեր ուսանողներն հանդես են գալիս առցանց կրթությանն առնչվող իրենց յուրատեսակ մտորումներով, հումորաշաղախ գրառումներով: Այսօր առաջարկում ենք կարդալ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արամայիս Սիմոնյանի օրագրային մի էջ: «Արդեն երկու ամիս է` մի քանի վայրկյանում «հասնում եմ» համալսարան` նախկին մեկ ժամ և ավելիի փոխարեն: Համացանցում եմ: Մատի մի քանի շոշափում, սկզբից մի քանի անհանգիստ սրտխփոցներ. հանկարծ ընտանիքի անդամներից որևէ մեկը ձայն չհանի կամ էլ դու պատահական չփռշտաս, մինչև կանջատես ձախում ծվարած խոսափողի նշանը: Արդեն դասի եմ, տանը բոլորը տեղյակ են և շշուկով են խոսում, ավելին, իրար նախատում են` «Սուս, էրեխեն դասի է» և շունչները պահած` հայացքները հառում են դեպի համակարգչիս»,-գրում է Արամայիսը: Հեռավար ուսուցման առանձնահատկություններից մեկն այն է, որ տանեցիները նույնպես հետևում են քո դասապրոցեսին, ինչը քեզ լրացուցիչ զգոնություն է պարտադրում(-հեղ.) :« Առցանց դասին ես կարող եմ միաժամանակ շատ գործողություններ անել` աչքի պոչով էլ ականատեսը լինել դասախոսության ընթացքին: Ծը´լնգ...նամակ է գալիս, կուրսեցիներիցս մեկն է, ասում է դասախոսին խնդրենք` երեխեքից մեկին ընդունի խումբ: Նա սպասման սենյակում է ու նման է այն գյուղացուն, որն անհանգիստ է` մինչև ծիրանի հասնելը արդյոք կարկուտ կգա, թե ոչ:Դասն ավարտվում է, և որպես վերջաբան՝դասախոսը փորձում է սրամիտ հումոր անել: Բոլորն արագ միացնում են իրենց խոսափողը ու քահ-քահ ծիծաղում` ձևացնելով, թե սպանիչ հումոր էր: Այսպես ամեն օր, ու սա դարձել է մեր առօրյայի մի մասը: Երբեմն ես միանում եմ դասին ու ինձ իրենից կախման մեջ գցող հեռախոսս դեն նետում մի կողմ` ինքս ինձ ու ամենքին խաբելով, թե իբր հետևում եմ դասի ընթացքին: Պատճառը անհարգալից վերաբերմունքը չէ դասախոսի հանդեպ, այլ հոգեկան լարվածությունը»,-Արամայիսը կարոտել է ուղիղ մարդկային շփումները և առցանց կրթությունը համարում է ուսուցման այլընտրանք, որն իրավիճակի պարտադրանքն է: «Համակարգիչն անջատելիս զգում եմ, որ կարոտում եմ իրական մարդկային հարաբերությունները, գետնանցումի սառած աստիճաններին գայթող ժողահայուհիներին ու նրանց օգնության հասնող տղաներին, զանգից հետո մեկ ավելի օգտակար բան ասել ցանկացող դասախոսների վառվռուն աչքերը: Թեև,վերջինիս պակասը գրեթե չի նկատվում, քանի որ ամեն օր ես հանդիպում եմ դասախոսական ուրախ դեմքերի` էնտուզիազմի ոչ պակաս չափաբաժնով: Ամենքս մեր չափով սրտնեղում ենք ստեղծված իրավիճակից, բայցև հանգիստ ենք, որ այս օրերին այդքան էլ չի տուժել ուսումնական գործընթացը, քանզի առցանց կրթության կազմակերպման գործում մեծ ներդրում են ունենում պետության զարգացման սուբյեկտները` կրթողները: Որքան էլ առցանցը մոդայիկ է, այնուամենայնիվ,ինձ համար այն կմնա իրավիճակի լուծում և չի կարող փոխարինել դեմ առ դեմ շփմանը: Ծը´լնգ... մեկ րոպեից առցանց հանդիպումը կավարտվի, իսկ դու նորից միացի´ր...  Համալսարանական կյանքին, ՀՊՏՀ տաք պատերի ներքո ուսանողական կյանքին փոխանցեք կարոտագին բարևներս: Ձեր` Արամայիս»:

Շարունակելի…  «Ուսանողի օրագիր» խորագրի նախորդ երեք հերոսներ Մելինե Աբրահամյանի , Տաճատ Պապոյանի և Ռուզաննա Կիրակոսյանի նյութերին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին