2024-2025 ուսումնական տարվա առաջին «Բաց դռների օրը» իրականություն է

17.10.2024
Դիտումների քանակ՝ 538

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակում է ամրապնդել դիմորդների և համալսարանի միջև կապը: Հոկտեմբերի 16-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ 2024-2025 ուսումնական տարվա առաջին «Բաց դռների օր» միջոցառումը, որն այս անգամ կազմակերպվել էր նոր ձևաչափով։ Համալսարանի մեծ դահլիճում կազմակերպված հանդիպմանը ներկա էին Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցների և քոլեջների սովորողներ, ուսուցիչներ և ծնողներ, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու Տնտեսագիտական համալսարանի 6 ֆակուլտետների կողմից առաջարկվող բակալավրիատի 11 մասնագիտություններին, բուհական առօրյային, ուսանողական կյանքին և համալսարանի կողմից ընձեռվող մյուս հնարավորություններին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ բարի գալուստ մաղթելով դիմորդներին Հայաստանի Հանրապետության ամենաջերմ, ամենազարգացած, տեխնոլոգիապես հագեցած, առաջատար կրթություն առաջարկող համալսարաններից մեկում։ «Մեր համալսարանը ՀՀ երկրորդ խոշոր բուհն է, իսկ տնտեսագիտական մասնագիտական կրթության որակավորմամբ ՀՀ առաջին խոշոր բուհն է։ Ըստ էության՝ սույն կրթական ծրագրերով սովորողների շուրջ 60%-ը սովորում են մեր համալսարանում։ Անկախ համալսարանի ձեր ընտրությունից՝ մեզ համար էական նշանակություն ունի ձեր գիտակցված ընտրությունը, քանի որ ձեր ապագա հաջողության ճանապարհին դա ամենաառանցքային կետերից մեկն է լինելու»,- ասաց բուհի ռեկտորը՝ հավելելով, որ Տնտեսագիտական համալսարանն իր ուսանողների կողքին է ամբողջ ուսումնառության, այնուհետև նաև՝ աշխատանքային կարիերան ստեղծելու ծանապարհին։

Դիմորդներին ողջունեց նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը՝ շեշտելով, որ նրանք այժմ շատ կարևոր ընտրության առաջ են։ «Որպեսզի ձեր ընտրությունը լինի գիտակցված և ձեզ ճիշտ տեղ տանի, այն պետք է կատարեք սրտով»,- ասաց ՈՒԽ նախագահը։ Միջոցառման ընթացքում համալսարանի 6 ֆակուլտետները ներկայացնող ուսանողները ներկայացրեցին բուհի մասնագիտությունը, կրթական ծրագիրը, աշխատանքային հնարավորությունները և ուսանողական կյանքի վառ կողմերը։ ՀՊՏՀ շարունակակական կրթության բաժնի աշխատակիցներ Ժորա Ստեփանյանը և Իռեն Գևորգյանը դիմորդներին ներկայացրին ընդունելության գործընթացի մանրամասները և դիմորդ-ՀՊՏՀ կապի ամրապնդմանը միտված միջոցառումները։

Միջոցառումը շարունակվեց ՀՊՏՀ բակում, որտեղ յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացված էր առանձին տաղավարով: Տաղավարներում դիմորդներին ողջունում էին տվյալ մասնագիտությունների դասախոսներն ու ուսանողները, ովքեր սիրով ներկայացնում էին մասնագիտությունները, մանրամասնում կրթական ծրագրերը, պատասխանում դիմորդներին հուզող հարցերին: Դիմորդներին տաղավարներում ներկայացվեցին նաև բուհի միջազգային փոխանակման ծրագրերը, ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող տարատեսակ կրթական, ինտելեկտուալ, մշակութային և սպորտային միջոցառումները, ինչպես նաև դիմորդներին հնարավորություն տրվեց մասնակցելու վիկտորինաների և մրցույթների, արժանանալու ՀՊՏՀ բրենդային նվերների, ինչը հավելյալ ոգևորություն ու հետաքրքրություն առաջացրեց։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում