Տեղի ունեցավ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովը

18.10.2024
Դիտումների քանակ՝ 418

Հոկտեմբերի 17-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի հերթական նիստը։ Այն նախագահում էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Աբրամ Բախչագուլյանը, ներկա էին համալսարանի 6 ֆակուլտետների ուսանողական խորհուրդների անդամներից ընտրված պատվիրակներ, ուսանողներ։

Նիստի օրակարգում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 2022-2024 թթ․ կատարած աշխատանքների հաշվետվության ներկայացումն էր, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 2024-2027 թթ․ ռազմավարության նախագծի ներկայացումը և ընթացիկ այլ հարցեր։

Արև Մանուկյանն իր հաշվետվությունում ներկայացրեց անցած երկու տարիներին ուսանողական խորհրդի կատարած աշխատանքը` մատնանշելով գործունեության հիմնական ուղղությունները: Ուսանողական խորհրդի նախագահի հաշվետվությունը պատվիրակների քվեարկությամբ ընդունվեց և գնահատվեց բավարար: Այնուհետև կայացավ ՈՒԽ նախագահի ընտրությունը։ Համաձայն ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կանոնադրության` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահն ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով: 30 պատվիրակները փակ գաղտնի և միաձայն քվեարկությամբ ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրեցին առաջադրված թեկնածու Արև Մանուկյանին։

Շնորհակալական խոսքերից հետո Արև Մանուկյանը ներկայացրեց ՀՊՏՀ ՈՒԽ 2024-2027 թթ․ ռազմավարության նախագիծը, որը, ևս հաստատվեց։

Շնորհավորում ենք ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Արև Մանուկյանին, մաղթում ստեղծարար և արդյունավետ գործունեություն։

Ժողովի մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում