ՀՊՏՀ-ում բաց դռների օր էր

14.11.2023
Դիտումների քանակ՝ 850

Նոյեմբերի 14-ին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում տեղի ունեցավ այս ուսումնական տարվա առաջին բաց դռների օրը, որին մասնակցում էին Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցների աշակերտները, ինչպես նաև քոլեջների ուսանողներ։

Ապագա դիմորդներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը․ «Լավագույն մասնագետ դառնալու համար պետք է ընտրել այն ոլորտը, որը սիրում եք, քանի որ միայն սիրով ընտրություն կատարելու դեպքում կդառնաք անգերազանցելի մասնագետ»։

Դիմորդներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը․ «Բարձրագույն ուսումնական հաստատությունն ընտրելիս կարևոր է հաշվի առնել նրա մասնագիտացված լինելու փաստը, ձեր ընտրած մասնագիտության արդիական լինելը և այն հնարավորությունները, որոնք կտա տվյալ բուհը»։

Հանդիպման ընթացքում ուսանողները դիմորդներին ծանոթացրին համալսարանի 11 մասնագիտություններին, աշխատանքային հնարավորություններին։ Արտերկրում ուսում ստացած մեր ուսանողները ապագա դիմորդներին ներկայացրին միջազգային ծրագրերին դիմելու կարգը, արտերկրում ապրելու, սովորելու առանձնահատկությունները։

Մասնակիցները պարզաբանումներ ստացան ընդունելության գործընթացի և քննությունների, ՀՊՏՀ-դիմորդ կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին, իսկ ավարտին՝ ինտերակտիվ տրամաբանական խաղի արդյունքում, եղան հաղթողներ։ Նրանք այսօր հեռացան ՀՊՏՀ բրենդային նվերներով և ջերմ տպավորություններով։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։