Նոր ավանդույթ ՀՊՏՀ-ում. հրավիրյալ մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն ուսանողներին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2335

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի որդեգրած քաղաքականության շրջանակներում մեր բուհում ներդրվում է հատուկ դասընթացների ավանդույթը, որի նպատակը հրավիրյալ փորձառու մասնագետների միջոցով ուսանողներին պրակտիկ գիտելիք հաղորդելն է: Կրթության կիրառական բաղադրիչի կարևորման, աշխատաշուկայի հետ կապերի ակտիվացման համատեքստում մեր համալսարանը ոչ միայն համագործակցություն է սկսել տարբեր կազմակերպությունների հետ, այլև գործնական քայլեր է կատարում՝ փորձառու մասնագետների խոսքը համալսարանի ուսանողներին լսելի դարձնելու համար: Այսօր այս ծրագրի մեկնարկն էր և մեր համալսարանում հյուրընկալվեց «Արտլար ֆինանս ընդ ըքաունթինգ» հաշվապահական գրասենյակի հարկային խորհրդատու Լուսի Գևորգյանը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ներկայացրեց հյուրին, որից հետո սկսվեց դասընթաց-քննարկումը՝ «Ինչպե՞ս դառնալ ձեռնարկատեր Հայաստանում» թեմայով: Եվ չնայած շաբաթ օր էր, թեմայի նկատմամբ հետաքրքրությունը համալսարան էր բերել բուհի տասնյակ ուսանողների: Դասընթացը անցավ ինտերակտիվ ձևաչափով. տեսապատկերների միջոցով բանախոսը ներկայացրեց նյութը, որն արծարծում էր հետևյալ թեմաները՝  ինչպե՞ս սկսել սեփական գործը, որքա՞ն գումար է պետք ձեռնարկատեր դառնալու համար, ի՞նչ հարկային համակարգ ընտրել տվյալ գործունեության համար, որքա՞ն նվազագույն աշխատավարձ պետք է վճարել, ի՞նչ է միկրոձեռնարկատիրությունը, կարո՞ղ եմ արդյոք ես լինել իմ հաշվապահը և ի՞նչ պետք է իմանալ դրա մասին, հարկային օրենսգիրքը՝ իր բոլոր փոփոխություններով։

«Շնորհակալ եմ հանդիպման և հրավերի համար: Իմ ամենօրյա աշխատանքը հաշվապահական և հարկային հարցերին պատասխաններ գտնելն է, և ես ցանկանում եմ իմ այս փորձով կիսվել ձեզ հետ»,- ասաց Լուսի Գևորգյանը: Սկսելով դասախոսությունը՝ նա նշեց, որ այսօր ՀՀ կառավարությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որը միտված է օգնել յուրաքանչյուրին, ով ցանկանում է սկսել իր սեփական գործը: Լուսի Գևորգյանը մանրամասն անդրադարձավ ձեռնարկատիրություն իրականացնելու կազմակերպական ձևերին, դրանցից յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերին, անհրաժեշտ գործողություններին, ըստ գործունեության տեսակի՝ անհրաժեշտ գումարին և բազմաթիվ այլ հարցերի, մանրամասնեց հարկային օրենսգրքի որոշ դրույթներ:

Հանդիպումը հագեցած էր հարց ու պատասխանով, ծավալվեց աշխույժ քննարկում, իսկ ավարտին բանախոսը հարցում անցկացրեց՝ պարզելու դասընթացի նկատմամբ հետաքրքրությունն ու դրա օգտակարությունը:

«Իմ կարծիքով, ուսումնական գործընթացում ոչ ավանդական, այլընտրանքային ուսուցման մեթոդները ևս կարևոր են այն իմաստով, որ եթե ակադեմիական ուսուցման մեթոդները տալիս են հիմնարար գիտելիքներ, ապա ոչ ավանդական ուսուցումը հիմնված է պրակտիկ փորձի վրա: Իմ բանախոսությունը հիմնված է  հաշվապահական, աուդիտորական և հարկային խնդիրներին առնչվող վերլուծությունների վրա, ուստի, կարծում եմ, որ այն կարող է օգտակար լինել ուսանողներին՝ պրակտիկ փորձին ծանոթանալու տեսանկյունից»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Լուսի Գևորգյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին